ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ծանոթացել է «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում Հայաստանի ներկայացրած ցուցանմուշներին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական տաղավարի հյուրն է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ ներկայացնողը մեր ընկեր Ավետիք Քերոբյանը»,- գրել է նա։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել էր «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։
Ավելի ուշ Տոնոյանը հանդիպել էր նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ-Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել էր, որ մեզ հետաքրքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ։
Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել օգոստոսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։