ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանը ներառվել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում` առաջ անցնելով ԱՄՆ–ից, Գերմանիայից, Բուլղարիայից և Ֆրանսիայից։
Այս մասին ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2018 թվականի հունվար–հուլիս ամիսների արդյունքներն ամփոփող հաշվետվության մեջ։
«1 մլրդ դոլար առևտրաշրջանառությամբ Վրաստանի խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, այնուհետև Ռուսաստանն է (760,9 մլն դոլար), Ադրբեջանը (611,7 մլն դոլար) և Չինաստանը (584,1 մլն դոլար)», – գրված է հաղորդագրության մեջ։
367,6 մլն դոլարով հինգերորդ հորիզոնականում է Ուկրաինան, վեցերորդում` Հայաստանը (345,2 մլն դոլար)։
Ցուցակի ավելի ներքևում ԱՄՆ–ն են, Գերմանիան, Բուլղարիան և Ֆրանսիան։
Հայաստանը նույնպես մնում է արտահանման գծով Վրաստանի խոշորագույն գործընկերների ցանկում (150,2 մլն դոլար), ճիշտ է, զիջելով Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային։
Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2018 թվականի հունվար–հուլիսին հանրապետության ապրանքաշրջանառությունն ընդհանուր առմամբ աճել է 28,9%–ով (2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)` կազմելով 3476.1 մլն դոլար, նախկին 2697 մլն–ի փոխարեն։
«2018 թվականի հունվար–հունիսին Հայաստանի արտահանումն աճել է 20%–ով (2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)` կազմելով 1165.2 մլն դոլար», – Sputnik Արմենիային հայտնել են գերատեսչությունից։
Միևնույն ժամանակ Հայաստանն ամենից շատ ապրանք Ռուսաստան է արտահանում։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալն այս տարվա հունվար–հուլիսին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27,5%–ով և կազմել 281,2 մլն դոլար։
Այնուհետև, 2018 թվականի 7 ամիսների արդյունքներով, ցուցակում հաջորդը Չինաստանն է 50,7 մլն դոլարով։ Այս ցուցանիշն աճել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 30,3%–ով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա ընթացիկ տարվա հունվար–հուլիսին Հայաստանից արտահանման ծավալները դեպի այդ երկիր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,1% և 31,1 մլն դոլար կազմել։
Աճել է նաև դեպի ԱՄԷ ապրանքի արտահանման ցուցանիշը. նշված ժամանակահատվածում այն աճել է 8,3%–ով և կազմել 50,1 մլն դոլար։
Հայաստանից Իրան 2018 թվականի հունվար–հուլիսին արտահանման ծավալները 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39,1%–ով և կազմել 48,1 մլն դոլար։ Իսկ Հայաստանից Վրաստան արտահանումը` 56%–ով` կազմելով 28,4 մլն դոլար։