ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Վրաստանի գլխավոր դատախազության գլխավոր տեսչությունը հետաքննություն է սկսել ծեծի մեջ մեղադրվող դատախազի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` վկայաբերելով գերատեսչության կայքի հայտարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Իմերեթի շրջանի Ցխալտուբո քաղաքում օգոստոսի 24-ին։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալով` Վրաստանի քաղաքացուն ծեծող և վիրավորող դատախազը Գիվի Շենգելիան է։ Հեռուստաընկերությունը հայտնում է նաև, որ տուժածը զինվորական է։ Շենգելիան զինվորականին դաժանաբար ծեծել է նրա տան մերձակայքում կնոջ աչքի առաջ։
Վրաստանի գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն արդեն կարգադրել է քննության ժամանակ պաշտոնից ազատել մեղադրվող դատախազին։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ մեղավորությունն ապացուցվելու դեպքում նա կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ։
Դատախազն առայժմ ազատության մեջ է։