ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը նախատեսում է «Դիմակահանդեսի» իր տարբերակը ցուցադրել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Այս մասին այսօր ասաց օպերայի ու բալետի թատրոնի պարերի բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը։
«Այս հարցով դեռևս բանակցություններ են ընթանում։ Բայց մենք լուրջ մարդիկ ենք ու, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին արդեն կներկայացնենք մեր բալետը Մարիինյան թատրոնում», –ընդգծեց նա։
Մի քանի ամիս առաջ Հայաստան էր եկել «Չիպոլինո» բալետի բեմադրիչ Հենրիխ Մայրովը։ Նա ընդգծել է, որ այն ժամանակ որոշում են կայացրել այդ բեմադրությունը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկայացնել։
«Նա զարմացած էր հայ պարողների պատրաստվածոթյան բարձր մակարդակից ու ասաց, որ մենք մեր «Մեծ թատրոնն» ունենք», – ասաց Գրիգորյանը։
Բալետային թատերախմբի ղեկավարն ընդգծեց, որ իրականում Հայաստանում տղամարդկանց շատ ուժեղ բալետային դպրոց կա։ Որպես ապացույց Գրիգորյանը հիշատակեց «Գայանե» բալետի հայկական բեմադրությունը, որը վերջերս հայտնվել էր Մեծ թատրոնի բեմում։ Նա ընդգծեց, որ ակադեմիական ու հայտնի բազում թատերախմբեր չեն կարողանում այդ լեգենդար թատրոնում հայտնվել, և դա արդեն բարձր գնահատական է։
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո այս տարվա հուլիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Մոսկվայի Մեծ Թատրոնում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Բալետ-ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Ներկայացմանն այցելել էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։