ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ որևէ այլ տեղում հայտնաբերելու մասին: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղում Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին, հետևաբար նման պայմաններում չէր կարող կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ներկայացնել»,- ասացին դատախազությունից։
«Ինտերֆաքս» գործակալությունն այսօր հայտնել էր, որ Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին, քանի որ նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների միջոցով ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։