ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայերից մեկն արդեն վաղուց զարմացնում է նորաձևության և գեղեցկության աշխարհը, իսկ ինչ-որ մեկը նոր է ոտք դրել այդ աշխարհ, բայց արդեն հասցրել է իր խոսքն ասել: Sputnik Արմենիան ներկայացնում է անցած տարվա բյութի ինդուստրիայի աչքի ընկած գործիչներին:
Ասյա Մխիթարյան և Դմիտրի Եվենկո
Asthik Group-ի և Ienki Ienki-ի հիմնադիրներ Ասյա Մխիթարյանը և Դմիտրի Եվենկոն երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում են նորաձևության ոլորտի BoF 500 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, որը կազմում է The Business of Fashion պարբերականը։ Նշվում է, որ նրանք այդ երկրի գլխավոր նորաձև գործարարներն են:
Asthik Group-ի մեջ են մտնում Asthik մուլտիբրենդային խանութը, առցանց խանութը, Valentino-ի և Agent Provocateur-ի կիևյան բուտիկները, առևտրային տարածքներ Կիևի կենտրոնական հանրախանութում, ինչպես նաև Buro 24/7 Ուկրաինա առցանց ամսագիրը: Դմիտրի Եվենկոյի Ienki Ienki ապրանքանիշը միայն վերջին տարվա ընթացքում ձեռք է բերել 155 նոր ռիթեյլերներ: Հիմա այն ներկայացված է աշխարհի 315 խանութում:
Հավելենք, որ BoF 500 ցուցակում են ընդգրկվել այնպիսի ռիթեյլերներ, ինչպիսիք են ամերիկյան Barneys-ը, բրիտանական Browns-ը, ֆրանսիական The Broken Arm-ը, իտալական Luisa Via Roma-ն, Antonia-ն և ուրիշներ:
Սամվել Թումանյան
Մյուս հայը, որը որոշակի առումով տակնուվրա է արել նորաձևության խորհրդավոր աշխարհը, նույնպես Ուկրաինայից է: 20 տարեկան Սամվել Թումանյանը Գոստոմելից է, նա նորաձևության մրցարշավում հետ է մղել Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների 70 հազար հավակնորդներին, 13 կգ նիհարել է և 2017թ-ին դարձել «Թոփ մոդել ուկրաինական ձևով» նախագծի հաղթողը:
Սամվելը Ուկրաինայի ամենամասշտաբային մոդելային շոուի պատմության մեջ առաջին տղան է, որ հաղթել է խառը եթերաշրջանում:

Գոհար Ավետիսյան
Տաղանդավոր ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր համարվում է Ռուսաստանի ամենահայտնի բյութի բլոգերներից մեկը: Instagram սոցիալական ցանցում նրա կյանքին և գործունեությանը հետևում են ավելի քան հինգ միլիոն մարդիկ:
25 տարեկան Գոհարը ստեղծում է գեղեցկության սեփական կայսրությունը: Նրա վարպետության դասերին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն կես տարի առաջ: Հատկապես հայտնի է դարձել նրա «Կերպարանափոխություն» նախագիծը, որի շրջանակում «մեյքափի գուրուն» օգնում է լիովին կերպարանափոխվել ոչ սովորական արտաքինով կամ մաշկով աղջիկներին: Աղմկահարույց նախագծի մասին գրել է նաև բրիտանական Daily Mail-ը: Նա զբաղվում է նաև բարեգործությամբ:
Ալեքսանդր Սիրադեղյան
Կոշիկի հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեղյանը, Look-book նորաձևության կայքի համաձայն, 2017թ-ին համարվել է կոշիկի լավագույն ռուսաստանցի դիզայները՝ Instagram-ի վարկածով:
Սիրադեղյանը բազմաթիվ անգամ է զարմացրել Ռուսաստանի մայրաքաղաքի «երես առած» աստղերին: Անցած տարի նա ներկայացրել է Nazani հավաքածուն:
Նոր հավաքածուի ցուցադրությանը, որը ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է հայկական մշակույթով և արվեստով, ներկա են եղել Քրիստինա Օրբակայտեն, Վիկտորյա Շելյագովան, Էվելինա Խրոմչենկոն, Ալլա Վերբերը, Էկա Օրջոնիկիձեն և Վադիմ Ամինովաժի կինը՝ Ստելլա Ամինովան:

Ռուբինա Խանզադյան
Ամերիկահայ մոդել, դիզայներ և նկարիչ Ռուբինա Խանզադյանն առաջին հայ աղջիկն է, որը սկսել է գովազդել Victoria's Secret աշխարհահռչակ ապրանքանիշի ներքնազգեստը: Անցած տարի նա պայմանագիր է կնքել նաև Fenty Beauty-ի հետ, որը հիմնադրել է հայտնի երգչուհի Ռիհանան:
Բացի այդ, 2017թ-ին Ռուբինան բացել է իր սեփական ապրանքանիշը՝ Rubina Dyan, և իր հավաքածուն ակտիվորեն առաջ է մղում Իսպանիայում և ԱՄՆ-ում:
