ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը:
Նա նշել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար:
«Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի մակարդակով: Մենք վստահ ենք, որ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի»,-ասել է Աբդրահմանովը:
Նա նաև նշել է, որ այս ուղղությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության կազմակերպության բնականոն գործունեությանն ուղղված քրտնաջան աշխատանքը թույլ կտա խուսափել ցանկացած հետևանքներից:
Աբդրահմանովը վստահ է, որ այս իրավիճակը որևէ բացասական հետևանքների չի բերելու ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:
Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:
Օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։
Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: