Դպրոցի տնօրենների քննության մասնակիցներից 54-ը չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկШкола в России
Школа в России - Sputnik Արմենիա
Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրված 199 հավակնորդներից 54–ը պահանջվող նվազագույն միավոր չեն հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էին 199 հավակնորդ, որոնցից 8-ը չեն ներկայացել:

Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից, իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չեն հավաքել մասնակիցներից 54–ը:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ են մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել են 26 մասնակից:

2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» հրամանում:

Участники Школы молодых лидеров СНГ - Sputnik Արմենիա
Ճա՞րպ, թե՞ փախլավա. Դիլիջանի դպրոցն ի՞նչ մանիպուլյացիաներ կսովորեցնի երիտասարդներին

Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝ քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով:

Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդը անմիջապես էկրանին տեսել է ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։

Первая леди Нунэ Саркисян с внуками - Sputnik Արմենիա
Հայ դպրոցականների համար նոր խաղը կխաղա նույնիսկ ՀՀ նախագահի կինը

Քննության բանավոր`հարցազրույցի փուլն անցկացվել է հետևյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը հնչեցրել է ճիշտ պատասխանը: Հարցազրույցի փուլում հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Քննությունների արդյունքների վերլուծությունը կհրապարակվի առաջիկայում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала