ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում ավազակային հարձակման դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Դավթյանն է։ Նա բժիշկներին հայտնել է, որ այդ ժամին անծանոթ անձը իրենց շենքի մուտքի մոտ հարձակվել է իր վրա, ծեծել, որից հետո հափշտակել է դրամապանակը։
Մինչ բժիշկները բժշկական օգնություն կցուցաբերեին վիրավորին, ոստիկաններն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Շավեշյանին։ Նա խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը։
Շավեշյանը ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Դավթյանն ու կասկածյալ Ա. Շավեշյանն աշխատում են «Բոնուս» մթերային խանութում՝ Ա. Դավթյանը՝ որպես մենեջեր, Ա. Շավեշյանը՝ որպես հացթուխ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ։