Հացի փող գողացած կինը համաներմամբ չի ազատվել. մի քանի օրից երեխաները կզրկվեն մորից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտպանները դատարանից պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գողություն կատարած սյունեցի կնոջ նկատմամբ, որն այդ քայլին է դիմել միայն մի պատճառով, որպեսզի երեխաները սոված չմնան։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Անչափահաս երեխաներին սովամահությունից փրկելու համար գողություն կատարած մոր վրա համաներումը չի տարածվել։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին ասացին սյունեցի Հասմիկ Սարգսյանի պաշտպանները։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Համաներումը մեծ է, բայց ոչ համընդհանուր

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Հասմիկ Սարգսյանը գործել է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում. մայրն այդ քայլին է դիմել իր երեխաներին օրվա հացով ապահովելու համար։

«Եթե մարդը գողություն է անում, նա ամբողջ գումարը կվերցնի, որովհետև դրամապանակում էլի գումար է եղել, բայց ինքը միայն 5000 դրամն է վերցրել»,– ասաց փաստաբանը։

2017 թվականի հուլիսի 8-ին Սիսիանի բնակիչ, 4 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը ընկերուհու տանը, ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակի մեջ եղած դրամապանակից գողացել էր 5000 դրամ։

© Photo : Screenshot/ Noyan TapanՀասմիկ Սարգսյան
 Հացի փող գողացած կինը համաներմամբ չի ազատվել. մի քանի օրից երեխաները կզրկվեն մորից  - Sputnik Արմենիա
Հասմիկ Սարգսյան

Դատարանի վճռով Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 6.6 տարվա ազատազրկման, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է և 4 երեխա ունի, դատարանը մեղմել էր պատիժը` սահմանելով 5 տարվա ազատազրկում։

Ընդ որում, նախկինում կինն արդեն մեկ անգամ նման քայլի դիմել էր ու այդ պահին գտնվում էր պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում։

Камера заключения - Sputnik Արմենիա
Համաներումը չի կարելի պոպուլիզմի վերածել. ո՞ւմ կարելի է ազատ արձակել բանտից

«Ես հասկանում եմ, որ օրենքի տեսանկյունից կրկնակի հանցագործություն է արել, բայց միայն օրենքով չէ, պետք է նաև մարդասիրական չափանիշներ լինեն։ Այսօր դատարանի առաջ պետք է կանգնի ոչ թե Հասմիկ Սարգսյանը, այլ այն մարդը, ով գողացել է Հասմիկի ու նրա երեխաների հացը»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց կնոջ պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը` հիշեցնելով, որ Հասմիկ Սարգսյանի ընտանիքին զրկել են անապահովության նպաստից։ Աշխատանք ստանալու համար նա մի քանի անգամ դիմել է Սյունիքի ու Սիսիանի իշխանություններին, բայց ոչ մի աջակցություն չի ստացել։

Այսօր Հասմիկ Սարգսյանի ավագ որդին ծառայում է բանակում, բայց, փաստաբանների խոսքով, ծառայության մեծ մասն առողջական խնդիրների պատճառով անցկացնում է զինվորական հոսպիտալում։ Հասմիկն ու դուստրերից մեկը ևս առողջական խնդիրներ ունեն։ Մայրը բարեգործների աջակցությամբ այս ընթացքում վիրահատվել է ուռուցքաբանության կենտրոնում ու առողջական խնդիրների պատճառով ստիպված հրաժարվել է հացի փռում իր աշխատանքից։ Այսօր Հասմիկն իր 3 անչափահաս երեխաների հետ ապրում է վարձակալած փոքրիկ կացարանում, աջակիցների փոքրիկ նվիրատվությունների ու Facebook-ում հայտարարված դրամահավաքի միջոցներով` սպասելով դատարանի վերջին խոսքին։

Тюрьма - Sputnik Արմենիա
Ովքե՞ր դուրս կգան Հայաստանի բանտերից. համաներման օրենքի նախագիծը հրապարակվեց

Դատական գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, որը նոյեմբերի 14-ին պետք է որոշում կայացնի պաշտպանների բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։ Բողոքում պաշտպանները պահանջում են, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնի արարքը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարած լինելու հիմքով։ Մուշեղ Շուշանյանի խոսքով` հայաստանյան իրավական պրակտիկայում նման նախադեպ չկա, ուստի այս որոշմամբ Վճռաբեկ դատարանը նաև պատմական դատավճիռ կայացնելու հնարավորություն ունի։

Ինչ վերաբերում է համաներմանը, ապա փաստաբան Շուշանյանը, հակառակ իշխանությունների որակման, այն աննախադեպ չի համարում։ Ավելին, կարծում է, որ այս համաներումը մի քանի անգամ զիջում է նախկինում հայտարարվածներին։

«Բոլոր հեղափոխություններից հետո ընդունված է նախ ազատել հանիրավի դատապարտված անձանց, որոնք բազմաթիվ են բոլոր իրավական համակարգերում։ Այս համաներումը պետք է հայտարարվեր այս տարվա մայիսի 28-ի առթիվ, ու շատ արագ կարելի էր այդ նախագիծը մշակել։ Բայց դա չարվեց, ու մենք հիմա տեսնում ենք, որ միտումները, մեղմ ասած, հուսադրող չեն։ Այսինքն` մեծ հաշվով ոչինչ չի փոխվել այս քաղաքական ղեկավարության և նախորդների մոտեցումների միջև»,– ասաց Շուշանյանը։

Փաստաբանի խոսքով` Հասմիկ Սարգսյանի գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել, բայց այն իր տեսակի մեջ եզակի չէ։ Նման գործեր ու հանուն երեխաների գողության դիմած մայրեր և հայրեր Հայաստանի ազատազրկման վայրերում շատ կան։

Լրահոս
0