ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Բիզնես Արմենիա» հիմնադրամում կրճատումներ են. օրեր առաջ 11 աշխատող ազատվել են աշխատանքից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երեկ հրաժարականի դիմումը հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: Բայց Ավակյանը կշարունակի հիմնադրամը գլխավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար:
«Առաջիկայում կկայանա հիմնադրամի տնօրենի մրցույթ, որին Ավակյանը, ըստ որոշ տեղեկությունների, չի մասնակցի»,– նշված է հոդվածում:
Բացի այս, ըստ թերթի, տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ հիմնադրամն առաջիկայում կլուծարվի:
Պարբերականը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոսել էր նման կառույցների անարդյունավետ աշխատանքի մասին` ասելով, որ կառավարությունը գնալու է այդ հիմնադրամները փակելու ճանապարհով։
Արմեն Ավակ Ավակյանն 2017թ․–ից ղեկավարել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, որն ավելի ուշ վերանվանվել և դարձել է «Բիզնես Արմենիա»։
Մինչ այդ Ավակյանը 2016 թ. դեկտեմբերի 1–ից՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր։ Ավելի վաղ ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Գարրիսոն Գրուփ» կազմակերպությունն ու եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Նա անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: