Տերով անտերները. առողջապահության նախարարությունը որոշ հիվանդանոցների նկատմամբ լծակ չունի

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. министра здравоохранения Арсен Торосян на заседании Правительства (15 ноября 2018). Еревaн
И.о. министра здравоохранения Арсен Торосян на заседании Правительства (15 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարը կառավարությունից պահանջում է վերադարձնել բուժհիմնարկների նկատմամբ վերահսկողության իր իրավասությունը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ պետական բուժհիմնարկների իրական «տերը» Պետական գույքի կառավարման վարչությունն է։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կան շուրջ 1 տասնյակ պետական բուժհիմնարկներ, որոնց նկատմամբ Առողջապահության նախարարությունը ոչ մի իրավասություն չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Տարբեր խնդիրներ են բարձրացվում թե՛ հաճախորդների նկատմամբ ոչ պատշաճ սպասարկման մասով, թե՛ ֆինանսական։ Ու այնպես է ստացվել, որ մեր նախարարությունը, լինելով ոլորտային ու մանրամասն տիրապետելով այդ ոլորտին վերաբերող հարցերին, ոչ մի ազդեցություն չի կարողանում գործել այդ հիմնարկների վրա, քանի որ դրանց լիազոր մարմինը պետգույքի վարչությունն է»,– ասաց Թորոսյանը։

Իսկ նման իրավիճակ է ստեղծվել 2017թ–ից, երբ այդ բուժհիմնարկները կառավարության ու խորհրդարանի որոշումներով ներկայացվեցին մասնավորեցման ու առողջապահության նախարարության հաշվեկշռից տեղափոխվեցին պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշիռ։

Արդյունքում մեկ տարվա ընթացքում նոր սեփականատերեր այդպես էլ ի հայտ չեկան, առողջապահության նախարարությունը կորցրեց դրանց նկատմամբ վերահսկողության իրավունքը, ու այդ հիվանդանոցներում սկսվեցին ապօրինությունները։ Դրանց մասին են վկայում նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Операция - Sputnik Արմենիա
Բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը կբարձրանան. Թորոսյանը թվեր հրապարակեց

«Ամեն տեղ էլ ինչ–որ բաներ գտել ենք։ Կուրորտաբանության ինստիտուտի վրա կազմվել է ակտ, որը հիմա քննարկվում է, Վնասվածքաբանության կենտրոնի վրա նույնպես, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում ուսումնասիրությունը շարունակվում է, թվերն աճում են, կա հարուցված քրեական գործ։ Եթե չեմ սխալվում, հիմա շուրջ 100 մլն դրամի մասին է խոսքը։ Վերջինը մեր նախաձեռնությամբ չէ, այլ քրեական գործի շրջանակներում է արվել»,– ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Այժմ առողջապահության նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ, Արսեն Թորոսյանի խոսքով, արդեն իսկ կան չարաշահումների մասին վկայող փաստեր։ Դրանց մասին նախարարի պաշտոնակատարին առայժմ միայն բանավոր է զեկուցվել, այդ պատճառով նա առայժմ ձեռնպահ է մնում թվեր հրապարակելուց։

Ստեղծված իրավիճակը շտկելու ու բուժհիմնարկների նկատմամբ առողջապահության նախարարության իրավունքները վերականգնելու համար Արսեն Թորոսյանը մեկ ելք է տեսնում` հանել դրանք մասնավորեցման ցանկից, հետ վերցնել Պետգույքի կառավարման վարչությունից ու վերադարձնել նախարարությանը։

Առաջին քայլն այս ուղղությամբ արդեն արվել է։ Նոյեմբերի 15–ին ՀՀ կառավարության նիստում Թորոսյանի ներկայացրած առաջարկով «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ու «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ները վերադարձվել են առողջապահության նախարարությանը։

Министр здравоохранения Арсен Торосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թորոսյան. «Դա իմ դեմ կազմակերպված և մի կենտրոնից ուղղորդվող արշավ է»

Առաջիկայում Թորոսյանը պատրաստվում է ևս 5 հիմնարկի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել կառավարությանը։ Նշված բուժհիմնարկներն են` «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը», «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը», «Նևրոզների կլինիկան», «Հանրապետական անձավաբուժական կենտրոնն» ու «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը»։

Բայց պետգույքի կառավարման վարչության իրավասությանը հանձնված բուժհիմնարկների ցանկն այսքանով չի ավարտվում։ Դրանց մեջ, Արսեն Թորոսյանի խոսքով, շատ կան և այնպիսիք, որոնք ներկայացված են ոչ թե մասնավորեցման, այլ լուծարման։ Դրանցից են Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը, Երևանի երկաթուղու պոլիկլինիկան ու Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանից դեռևս պահպանված մի փոքր մասը։

Այս բուժհիմնարկների մասով ևս Թորոսյանը պատրաստվում է դիմել կառավարություն` դրանք առողջապահության նախարարությանը վերադարձնելու առաջարկով ու վերջնական կործանումից փրկելու հույսով։

Բուժհիմնարկների մասնավորեցման ռազմավարությունը կառավարությունը հաստատել էր 2000 թվականին: 2017-ին հաստատվել էր մասնավորեցման եռամյա` 2017-2020թթ ծրագիրը։ Վերոհիշյալ բուժհիմնարկներից բացի, այս ծրագրով մասնավորեցման են ներկայացվել պետական բաժնեմասով շուրջ հինգ տասնյակ այլ ընկերություններ, որոնց թվում են «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի ոսկերչական գործարանը:

Լրահոս
0