Ապրիլյան պատերազմի մասնակիցները բողոքի ցույց են կազմակերպել Երևանում. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста участников Апрельской войны перед Домом Правительства (21 ноября 2018). Еревaн
Акция протеста участников Апрельской войны перед Домом Правительства (21 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016թ–ի ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողները փորձեցին փակել կառավարության շենքի հարակից փողոցը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. 2016թ–ի ապրիլյան պատերազմի մասնակից տասնյակ երիտասարդներ այսօր` նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի կենտրոնում` ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ի նշան բողոքի նրանք փորձում էին փակել Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկը, բայց ոստիկանները թույլ չտվեցին։

«Երբ պարոն վարչապետը ճանապարհ էր փակում, ժողովուրդը բոլոր տեղերից, բոլոր մարզերից եկել, իր կողքին կանգնել էր, մենք էլ հիմա պահանջում ենք, որ ինքը մեր կողքին լինի, մեր հարցին լուծում տա»,– ասաց ապրիլյան պատերազմի մասնակից ներկայացած Տիգրանը` ի պատասխան ոստիկանների` փողոցը չփակելու հորդորի։

Ի վերջո, փողոցը մնաց բաց, բայց երիտասարդների բողոքներն էլ մնացին առկախ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց զինվորական գրքույկներում նշումներ ավելացնել ապրիլյան պատերազմին մասնակցություն ունենալու մասին, պահանջում էին նաև արտոնյալ պայմաններով ապահովել անհրաժեշտ բուժսպասարկումն ու զեղչել ուսման վարձերը։

© Sputnik / Asatur YesayantsՄանուկ Մանուկյան
Ապրիլյան պատերազմի մասնակիցները բողոքի ցույց են կազմակերպել Երևանում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Մանուկ Մանուկյան

«Մեր ընկերներից մեկը, վիրավոր տղա է, բեկորը մինչև այսօր մարմնի մեջ է, պետությունը ոչ մի քայլ չի արել, թոշակն էլ իջեցրել է»,– Sputnik Արմենիային ասաց բողոքի ակցիային մասնակցող, քառօրյա պատերազմի մասնակից Մանուկ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ նույն հարցով իրենց ընդունել են կառավարության, ՊՆ ներկայացուցիչները, լսել են, խոստացել լուծում տալ բարձրացրած հարցերին, բայց մինչ օրս ոչինչ չի արվել։

«Մենք ուզում ենք վարչապետին հանդիպել, նրան ներկայացնել մեր բոլոր հարցերը»,– ասաց Մանուկը` հավելելով, որ այսօր ակցիային մի քանի տասնյակ երիտասարդներ են մասնակցում, բայց նշված խնդիրն ունեցողները մի քանի հազար են։

«Իհարկե, բոլորը սահման չեն պահել, զոհեր չեն տվել, բայց եթե նայում ենք այն տեսանկյունից, որ առաջնագծում են եղել, մարտական դիրք են պահել, այս տեղանկյունից բոլորն էլ մասնակից են»,– ասաց Մանուկ Մանուկյանը։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի դուրս եկած երիտասարդները
Ապրիլյան պատերազմի մասնակիցները բողոքի ցույց են կազմակերպել Երևանում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բողոքի դուրս եկած երիտասարդները

Բողոքի ակցիայի ավարտին մասնակիցներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով` իրազեկելով իրենց պահանջների ու վարչապետի պաշտոնակատարից իրենց սպասելիքների մասին։

Հիշեցնենք` օգոստոսի 9-ին վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել էին այսօրվա հավաքի մասնակիցներից մի խմբի, և նրանք ներկայացրել էին 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը զինվորական գրքույկներում արձանագրելու պահանջը։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, վերանայվելու է մասնակիցների ցանկը և հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու տղաների բարձրացված հարցերը։

Այսօրվա հավաքի մասնակիցները, սակայն, պնդում են, որ այդ հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել։

Լրահոս
0