Հայկական արմատներով շքեղ մոդելը Վրաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում

Գեղեցկուհի Լարա Յանը պատմել է իր հետաքրքրությունների, մոդելային կարիերայի և գլխավոր նպատակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող 25-ամյա մոդել Լարա Յանը Վրաստանը կներկայացնի Թաիլանդում անցկացվող «Miss Universe – 2018» գեղեցկության միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է Sputnik  Գրուզիան։

Նշվում է, որ Լարան ավտոմատ կերպով իրավունք է ստացել մասնակցելու Miss Universe մրցույթին` նվաճելով «վիցեմիսս Վրաստան-2017» տիտղոսը։

Նոյեմբերի 29-ին մոդելը Թաիլանդ է մեկնել։ Բուն մրցույթը մեկնարկում է դեկտեմբերի 17-ին։

Հայտնի է, որ մոդելը ծնունդով Թել Ավիվից է, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում, այնուհետև վերադարձել Վրաստան։

«Երեք տարի է, ինչ Թբիլիսիում եմ ապրում։ Միշտ շատ եմ ճանապարհորդել, սակայն փորձում էի հայրենիք վերադառնալ, քանի որ շատ եմ սիրում Վրաստանը։ Հիմնականում Ռուսաստանում ենք ապրել։ Մայրս վրացի է, հայրս` հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում», – Sputnik Գրուզիային տված հարցազրույցում պատմել է Լարան։

Մոդելային կարիերան Լարան սկսել է 17 տարեկանից, դեռ Ռուսաստանում։ Սկզբում հարազատները դա ընկալում էին որպես զվարճանք` չմտածելով, որ Լարայի համար դա լուրջ զբաղմունք կլինի։

Մոդելը խոստովանել է, որ Վրաստանն այդ մրցույթում ներկայացնելը ոչ միայն մեծ ուրախություն է, այլև պատասխանատվություն։

«Յուրաքանչյուր աղջկա համար իր երկիրը Miss Universe–ի նման խոշոր մրցույթում ներկայացնելը մեծ պատասխանատվություն և պատիվ է։ Այդ պատճառով ես շատ եմ աշխատում ինքս ինձ վրա` չսխալվելու և ոչինչ չմոռանալու համար», – նշել է Լարան։

Այս միջոցառմանը Լարան մանրակրկիտ պատրաստվել է կլոր տարին. մարզվել է, ճիշտ սնվել։

Մոդելը գիտի ռուսերեն և վրացերեն, սովորում է անգլերեն։ Փոքր տարիքից երգում է, նույնիսկ իր առաջին ալբոմն է թողարկել, որը հանդիսատեսին կներկայացնի իր ծննդյան օրը` հունվարի 1-ին։

«Երգելուց բացի, ես նաև դիմահարդարմամբ եմ զբաղվում։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ինքս եմ գրում երգերը, որոնք շուտով կներկայացնեմ ունկնդրին։ Գիտե՞ք` երբեք չեմ մտածել, որ պետք է ինչ–որ մեկին ունենալ որևէ բանի հասնելու համար։ Կարծում եմ` բավական է միայն շատ աշխատել», – ասել է նա։

Մոդելի գլխավոր նպատակը ուժեղ և համբերատար լինելն է, քանի որ մոդելային բիզնեսում ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչպես թվում է կողքից։

«Դա շատ դժվար է և պետք է աշխատել ամեն օր», – ընդգծել է Լարան։

Մոդելն արդեն լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Թաիլանդից. Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պատրաստվում է միջոցառմանը։

Նշենք, որ «Միսս Տիեզերք» մրցույթը գեղեցկության ամենամյա միջազգային մրցույթ է, աշխարհում գեղեցկության մրցույթներից ամենահեղինակավորը, որը «Միսս Աշխարհ», «Միսս Ինթերնեյշնլ» և «Միսս Երկիր» մրցույթների հետ մտնում է «Մեծ քառյակի» մեջ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала