Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը. Շահվերդյան

© Sputnik / Asatur YesayantsТеатр "Амазгаин"
Театр Амазгаин - Sputnik Արմենիա
Սուրեն Շահվերդյանը հրաժարվում է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր և հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, որ վերջերս նշանակվել էր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնում է, որ որշել է հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա գրառում է կատարել  Facebook-ի իր էջում:

«Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ես իմ ձեռքն էի մեկնել ձեզ՝ համոզված լինելով, որ կարող եմ օգնել և օգտակար լինել, բայց ստացվեց հակառակը... Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում։ Հուսով եմ, որ մեր միջև անախորժությունները կմոռացվեն, կներվեն միմյանց հասցված վիրավորանքները։ Հուսով եմ նաև, որ ապագայում առիթներ կունենանք միասին ստեղծագործելու և ծառայելու Նորին մեծություն Թատրոնին»։

Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի դերասանները թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանին հայտարարել էին, որ չեն ցանկանում աշխատել իր հետ և պահանջում են նրա հրաժարականը: Դրանից հետո Չալդրանյանը հրաժարվել էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց լինելով թատրոնի տնօրեն`  գեղարվեստական ղեկավար էր նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։ Դերասաններին դուր չէր եկել նաև այս որոշումը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала