ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից` հավելելով, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում են քաղաքացիները դիմել այդ քայլին։
Մասնավորապես, դեկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի, ընդհանուր առմամբ, շուրջ 2000 փամփուշտներ:
ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին: