Հայկական գինին առաջ է անցել վրացականից. ի՞նչ են քննարկել գինեգործները Փաշինյանի հետ

© Photo : official site of the PM of RAРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018). Иджеван
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (11 августа 2018). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չնայած գինեգործության հին ավանդույթներին, ոլորտը Հայաստանում բարդ փուլում է հայտնվել։ Բայց այդ ուղղության կարևորությունը գիտակցում է նաև իշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայկական գինին իր որակով արդեն վաղուց առաջ է անցել վրացականից ու կարող է մրցել իտալական, ֆրանսիական, ամերիկյան, չիլիական գինիների հետ։ Այս հարցում վստահ է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Կառավարությունը նույնպես հասկանում է, որ գինեգործությունը Հայաստանի կարևորագույն ոլորտներից է։ Փետրվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանդիպել գինեգործների հետ՝ խնդիրները քննարկելու համար։ Ընդգծվել է, որ հայ գինեգործությունը վերջին ժամանակաշրջանում վերածնունդ է ապրում, բայց ոլորտի զարգացումը արգելակող խնդիրները չեն վերացել։

«Հայ գինեգործությունն այլևս այն չէ, ինչ հինգ տարի առաջ։ Շատ է փոխվել, ավելի որակյալ է դարձել։ Վրաստանը` որպես մրցակից, մնացել է անցյալում, մենք որակով առաջ ենք անցել հարևաններից ու կարող ենք վստահաբար մրցել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Չիլիի հետ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Սակայն սա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Հայկական գինին կարող է հաղթել այն գինիներին, որոնց մեկը շիշը 10-15 դոլար արժե, բայց էժան ու որակյալ գինու արտադրության հարցում Հայաստանը շատ գործ ունի անելու, ինչը պայմանավորված է գործարարների ու խաղողի պակասով։ Հայաստանը չի կարող նաև շատ թանկ գինի արտադրել։

Փաշինյանի հետ դեմառդեմ

Փաշինյանի ու գինեգործների հանդիպումը բուռն ու երկար է եղել։ Իշխանափոխությունից հետո գործարարներին մտահոգում է այն, որ կառավարության հետ կապն ընդհատվել է։

Девушка с бокалами красного вина - Sputnik Արմենիա
«Թունդ է, բայց թարմացնում է». ապշած ֆրանսիացիները կօգնեն ճանաչելի դարձնել հայկական գինին

«Ընդունված էր, որ կառավարությունը պիտի հետաքրքրություն դրսևորի։ Նախկինում գաղափարն ուշադրության էր արժանանում անկախ լավ կամ վատ լինելուց։ Վերջերս մի տեսակ ճահճացում է նկատվում, իշխանությունը դեռ փորձում է հասկանալ՝ որ ուղղությամբ է պետք շարժվել», - ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար ժամանակ է հարկավոր։

Գործարարները պահանջում են, որ երկրի իշխանությունը վերանայի «Ակցիզային հարկի մասին» օրենքը։

Բանն այն է, որ գինեգործները գինու մեկ լիտրի արժեքի 10%–ի չափ ակցիզային հարկ են վճարում։ Որքան ավելի բարձր է գինը, այնքան ավելի բարձր է հարկը։ Իսկ իշխանությունն ուզում է ֆիքսված հարկ սահմանել՝ մեկ լիտրի դիմաց 150 դրամ։ Գինեգործները համաձայն չեն ու առաջարկում են նվազեցնել ակցիզային հարկը մինչև 20-30 դրամ մեկ լիտրի դիմաց։

«Մեզ հետ մրցող հարևան երկրներում գործարարներն ընդհանրապես ակցիզային հարկ չեն վճարում», - ասաց Հարությունյանը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ապագայի քննարկումը փոքր-ինչ լարված է անցել։ Գործարարները վստահ են, որ հիմնադրամը պետք է շարունակի գործել, բայց իշխանությունը դեռ չի կողմնորոշվել։

Հայաստանը գինեգործության օրրանն է

Հայկական լեռնաշխարհը գինեգործության օրրան է համարվում։ Գինեգործությունը կարևոր տեղ է ունեցել Ուրարտուում։ Դրա մասին են վկայում նաև ասորական աղբյուրները։ Ուրարտական արքաների սեպագրերի համաձայն՝ գինին պատրաստել են Խալդ աստծու պատվին, իսկ խաղող տնկելը սխրանք է համարվել։

Бондарь Левон Бишарян - Sputnik Արմենիա
Երևանյան «ժամանակի մեքենան». կոնյակն ու գինին` միջնադարյան մատուցմամբ

Հայկական գինեգործության մասին գրել են նաև հայտնի պատմաբաններ Հերոդոտոսը, Ստրաբոնն ու Քսենոֆոնը։

2007թ-ին Արենիում (Վայոց Ձորի մարզ) իրականացված պեղումները փոխեցին աշխարհի պատկերացումները գինու և գինեգործության մասին։

Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավների պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. IV-V դարերով։ Այդ գտածոն թույլ է տալիս ասել, որ Հայաստանը գինեգործության օրրան է եղել։

Գտել են խաղողի կորիզներով և ողկույզների մնացորդներով սափորներ, ինչը վկայում է գինու արտադրության հնագույն համալիրի առկայության մասին, որն ավելի քան 6100 տարեկան է։ Հայտնաբերվել է նաև հնձան, որի շուրջ գտել են խաղողի պահպանված կորիզներ, ինչպես նաև կարասներ, որոնց մեջ գինի է պահվել։

Լրահոս
0