ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկությունը Երևանում անցկացնելու և կազմակերպելու համար մեծ աշխատանք է կատարվել` մրցաշարը սեփական ուժերով անցկացնելու համար։ «Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսեցին ԵԱՏՄ երկրների միջև առաջին անգամ անցկացվող ակումբային մրցաշարի մասին։
Փետրվարի 23-26-ը Երևանում անցկացվելու է բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն, որին մասնակցելու են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ներկայացնող չորս ակումբներ:
«Նման մրցաշարը Երևանում անցկացնելը ոչ միայն մարզական նպատակներ ունի, այլ նաև քաղաքական: ԵԱՏՄ երկրները ներկայացնող թիմերի միջև սա առաջին մրցաշարն է, ընդ որում` ոչ միայն բասկետբոլում: Շատ կարևոր է, որ այն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում: Ոչ պակաս կարևոր է նաև, որ մրցումները կազմակերպելու ու անցկացնելու գործում մենք աջակցության համար ոչ մեկին չենք դիմել ու անցկացնում ենք սեփական ուժերով»,– ասաց Արա Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով «Ուրարտու Վիվառո» ակումբին ԵԱՏՄ երկրների բասկետբոլի գավաթի խաղարկությունը նախաձեռնելու և կազմակերպելու համար։

Կարեն Գիլոյանն էլ նշեց, որ այս մրցաշարը հայկական ակումբին կօգնի գնահատել սեփական ուժերը և հասկանալ` արդյոք թիմը պատրաստ է մասնակցել եվրոպական կամ միջազգային բարձր մրցաշարերի։
«Մրցումներին մասնակցող «Արսենալ», «Բարսի» և «Ցոր-Բորիսֆեն» բասկետբոլային ակումբներն ուժեղ են և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի իրենց ներքին առաջնություններում առաջատար թիմեր են և նրանց հետ մրցելը մեզ համար շատ կարևոր է: Եթե մենք կարողանանք հավասար պայքար մղել, ինչու չէ, նաև հաղթել, ապա դա մեզ հետագա ծրագրեր պլանավորելու շատ լավ հիմքեր կտա»,– ասաց նա:
Գիլոյանը չի համարում, որ բասկետբոլի Հայաստանի ներքին առաջնության մրցակցությունը ցածր մակարդակում է։
«Պարզապես մենք այստեղ արդեն գիտենք, թե ինչպիսի մրցակիցներ ունենք ու գիտենք մեր հնարավորությունների չափը: Այլ բան է միջազգային փորձը, արտասահմանյան ուժեղ ակումբների հետ խաղալը: Այդ առումով ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը շատ կարևոր է մեզ համար»,– նշեց նա:

Մրցումների առաջին օրը՝ փետրվարի 23-ին «Ուրարտու Վիվառոն» մրցելու է Ղազախստանը ներկայացնող «Բարսի» թիմի հետ, փետրվարի 25-ին հայկական թիմի մրցակիցն է լինելու «Ցոր-Բորիսֆենը» (Բելառուս), և մրցումների վերջին օրը՝ փետրվարի 26-ին, մերոնք ուժերը կչափեն «Արսենալի» հետ:
Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշարերում կարող են խաղալ նաև այլազգի բասկետբոլիստներ, բայց արտասահմանցի չհամարվել։ Այսինքն ռուսը, ղազախը կամ բելառուսը Հայաստանում լեգիոներ չեն համարվում, նույնը վերաբերվում է հայ բասկետբոլիստներին, եթե նրանք հանդես գան վերը նշված երկրներում: Խնդիրը բասկետբոլում լուծված է, իսկ ահա ֆուտբոլում այդ արդյունքին հասնել առայժմ չի հաջողվում: Հայկական անձնագրով ֆուտբոլիստները Ռուսաստանում շարունակում են մնալ որպես լեգիոներ: