Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ իր ազգականը ենթադրյալ չարաշահումների համար կարող է հայտնվել քրեական գործի թիրախում ու նշել, որ իր «անմիջական ցուցումով» քրեական գործ է հարուցվել մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ Հենց դա էլ առաջացրել է վիրտուալ հանրության ակտիվիստների բուռն արձագանքը, և նրանք սկսել են տարածել «Աֆոնյա» ֆիլմի կադրերը, որում գլխավոր հերոսի խարիզմատիկ բաժակակիցն առավոտ կանուխ գոռում է բարձրահարկ շենքի պատշգամբների տակ․ «Բարեկա՜մ, մի ռուբլի տուր։ Աֆոնյան ինձ մի ռուբլի է պարտք»։
«Աֆոնյա» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան կյանքից հեռացել է ապրիլի 4-ին 88 տարեկանում։ Նա նաև «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին–դզա–դզա», «Դարդ մի արա» (Не горюй) և մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսորն է։
Նրա «Աֆոնյան» 1975թ-ին դիտել են բոլորը։ Գլխավոր հերոսը՝ Լեոնիդ Կուրավլյովի կատարմամբ, այնքան հմայիչ է ստացվել, որ «Մոսֆիլմը» բազմաթիվ բողոքներ է ստացել խմող տղամարդկանց կանանցից, պատմել է ռեժիսորը։
Դանելիան եղել է նաև «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի սցենարի համահեղինակներից մեկը։
«Ես առաջին անգամ թույլ տվեցի ինձ սցենարում ավելացնել ստուգված ռեպրիզներ, որոնք միշտ ծիծաղ են առաջացնում՝ նմանակներ, կանանց հագուստով տղամարդիկ և այլն։ Եվ հետո «Հաջողության ջենտլմենների» սցենարը դարձավ բեսթսելեր», - հիշել է ռեժիսորը։
Այս տեսանյութում ներկայացված են մեծ ռեժիսորի ֆիլմերի լավագույն կադրերի ընտրանին։ Հիշենք այն, ինչ հավերժ է, դառնում է թևավոր խոսք ու մեջբերում՝ առանց չափազանցության դառնալով ժողովրդական բանահյուսության մաս։