ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Քյոլնում բնակվող կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել ռեկորդային` 97 օրը տարբերությամբ։ Այս մասին հայտնում է Bild–ը։
Զարմանալի պատմությունը սկիզբ է առել նախորդ տարվա նոյեմբերին։ Հոլվայդե հիվանդանոց են բերել մի հղի կնոջ, որն առաջին երեխային ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, երբ երեխան դեռ 26 շաբաթական է եղել։
Բժիշկների խոսքով` նրանք որոշել են, որ կինը կարող է շարունակել «պահել» երկրորդ երեխային, քանի որ երկրորդ ընկերքն է ունեցել։ 2,5 ամիս անց` արդեն հաջորդ տարվա փետրվարին, ծնվել է մյուս աղջիկը` 3,7 կիլոգրամ քաշով։
«Երկու երեխաներն էլ առողջ են, ծնողները` Օքսանան ու Ալեքսանդրը, երջանիկ», – ասել են բժիշկները։
Գլխավոր բժիշկ Ուվե Շելենբերգերի խոսքով` նման դեպքերը հազվադեպ են լինում, սակայն 97 օր տարբերությունը եզակի դեպք է ինչպես հիվանդանոցի, այնպես էլ համաշխարհային բժշկության համար։
Պարբերականի տվյալներով` մինչ այս պատմությունը ռեկորդային էր համարվում Իռլանդիայում գրանցված դեպքը. 2012 թվականին կինը 87 օրվա տարբերությամբ էր լույս աշխարհ բերել երկվորյակներին։