Աշխարհի առաջնության խորհրդանիշներով վագոնների դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին մի շարք ֆուտբոլիստներ, պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ, նաև Հայաստանի հավաքականի խաղացողներն ու մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը բառացի անցել էր գետնի տակ` ուրախալի պահը անմահացնելու համար։
Մինչև 19 տարեկանների Աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում հուլիսի 14-27–ին։ Դրան ութ թիմ կմասնակցեն` Հայաստանը (որպես կազմակերպիչ), նաև Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի ու Իռլանդիայի հավաքականները։ Խաղերը տեղի կունենան երեք մարզադաշտերում` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում ու Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում (երեքն էլ Երևանում են)։ Թիմերը կբաժանեն երկու խմբի, հետո խմբերում առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կվիճարկեն եզրափակիչ ուղեգիրը։
Քանի որ Հայաստանը մասնակցելու է մրցաշարին որպես կազմակերպիչ երկիր, ապա այն չի մասնակցի ընտրական փուլին։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հավաքականի համար հեշտ է լինելու։ Մասնակից բոլոր երկրներն անկասկած բարձր մակարդակի թիմեր են, իսկ ազգային հավաքականի մարզիչը` Արթուր Ոսկանյանը, արդեն նշել է, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները նման կարգի մրցումներին մասնակցելու փորձի պակաս ունեն։
Նշենք` U-19 աշխարհի առաջնությունում Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը 2005 թվականին Հյուսիսային Իռլանդիայում խմբակային փուլին մասնակցությունն է։

















