ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Երեկ գիշեր գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նշենք, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, քանի որ նրան իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Պաշտպանը նշեց, որ այլ տեղեկություն հայտնել չի կարող։
«Այլևս ոչ մի ինֆորմացիա հայտնել չենք կարող, և այս պահից սկսած ուղղակի խնդրում ենք լրատվամիջոցներին մեզ հարցեր չուղղել»,–ասաց նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գրիգորյանը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ ԲԿ–ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը, հաստատելով լուրը, որ Գրիգորյանն իրենց մոտ է, հայտնեց, որ նա շտապօգնության մեքենայով է տեղափոխվել հիվանդանոց։
«Նա մեզ մոտ է տեղափոխվել գիշերը։ Վիճակը կտրուկ վատացել է, շտապօգնությունը ծայրահեղ ծանր է որակել նրա վիճակն ու տեղափոխել մեզ մոտ։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ»,–ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
Նույն օրը Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։