ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:
Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է, որ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցն այս պահին արդեն իսկ լուծված է։

Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և տեղի ունեցածն անթույլատրելի համարել։ Նա նշել է, որ դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը