ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։
1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ է` չի գործում։ Տաղավարն այս պահին խանգարում է փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին։ Տարածքի բնակիչները պահանջում են ստիպել սեփականատիրոջը՝ հանել այդ տաղավարը, վերջինս էլ պնդում է, որ դա օրինական Է։
«Տաղավարն ապօրինի է այս տարածքում դրված։ Այն պետք է անհապաղ հանել։ Այս տարածքի երեխաները խաղալու տեղ չունեն, թող հանեն ու տեղում խաղահրապարակ սարքեն: Անձամբ էս տաղավարի տիրոջն էլ եմ տեսել ու ասել, եթե սեփականություն է, ապա բեր, փաստաթղթերդ ցույց տուր, բայց այդպես էլ չբերեց։ Եթե սեփական է, թող ինքն իր հարցերը Գյումրու քաղաքապետարանի հետ լուծի, բայց տարածքը ազատի, տարածքը պետք է բարեկարգվի մեր երեխաներն էլ պետք է տարածքում խաղան»,- բողոքեց տարածքում բնակվող Կարինե Հովսեփյանը։

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը տաղավարի խնդրով դատական գործընթաց է սկսել։
«Ժամանակին բնակչին տրվել է այս տաղավարը՝ ժամանակավոր օգտագործման համար, բայց այսօր էլ սեփականատերը պնդում է որ տաղավարը պետք է այդտեղ մնա։ Այս խնդրով դատական պրոցես ենք սկսել»,- ասաց պատասխանատուն՝ նշելով, որ այս խնդիրը նոր չէ։
Բնակիչների խոսքով` ժամանակին այդ նույն տարածքում պուրակ է եղել։

«Ժամանակին տաղավարը տեղադրվել է, բայց հիմա ոչ մի բանի համար չի ծառայում, փոխարենը այս երեխաները խաղահրապարակ չունեն։ Բացի այդ, որքանո՞վ է սիրուն` ամբողջ փողոցն ու մայթերը բարեկարգված, բացի այս հատվածից»,- նշեց բնակիչներից Տիրուն Սահակյանը։

Բնակիչները տեղեկացրին, որ տաղավարը պատկանում է Արամ Մանուկյանին, որը նույնիսկ այս թաղամասի բնակիչ չէ։
Տաղավարի սեփականատեր Արամ Մանուկյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տաղավարն իր սեփականությունն է և անձամբ ինքն է գնել ՀՀ կառավարությունից։
Բնակիչները փողոցն այս անգամ բացեցին, բայց խոստացան տաղավարը չհանելու դեպքում արդեն երկար ժամանակով փակել փողոցը։