ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր — Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իրեն շատ լավ է զգում Հայաստանում։ WCIT 2019 համաժողովին ներկայացած գործարարն այդ մասին ասաց լրագրողներին։
«Լավ է լինել տանը, բայց ես դեռ պետք է աշխատեմ հայերենիս վրա։ Կարող եմ ասել` «այո», «շնորհակալ եմ», «ցտեսություն», – ժպտաց Օհանյանը։
Նա նաև ավելացրեց, որ ուրախ է WCIT 2019-ի պես մեծամասշտաբ միջոցառման մասնակիցը լինելու համար։


«Ուրախ եմ, որ Երևանն այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է և ինտերնետի մասին է խոսում։ Ինտերնետն այսօր լավագույն հարթակն է տարբեր գաղափարներն իրականացնելու համար», – նշեց Օհանյանը։
Գործարարի կարծիքով` տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանի ներուժն օրեցօր աճում է։ Նա կարևորեց հայաստանյան դպրոցներում շախմատի ուսուցումը` նշելով, որ շախմատային գիտելիքները լավագույն հիմքն են ապագայում ծրագրավորման մեջ մասնագիտանալու համար։
Ալեքսիս Օհանյանը եկել է Երևան` մասնակցելու ՏՏ համաշխարհային WCIT 2019 համաժողովին, որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 6-9-ը։ Երեկ գործարարը հանդիպել և ընթրել է սկսնակ կին գործարարների հետ։ Այսօր Օհանյանը ելույթ է ունենալու ՏՏ համաժողովին, իսկ երեկոյան կայանալու է Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։