Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելով՝ բանակում ինքնասպանությունների խնդիրը չի լուծվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Անհրաժեշտ է ավելի գլոբալ և համալիր լուծում: Հարցերի հարցը զինված ուժերում հանցավոր բարքերի առկայությունն է և ոչ ֆորմալ ինստիտուտների գոյությունը, որոնց գործադրման արդյունքում մենք զինված ուժերում ունենում ենք ողբերգական դեպքեր»,- ասաց նա:
Պետաիրավական հանձնաժողովն օրերս միաձայն դրական եզրակություն տվեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին։ Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում միանգամից երկու նոր հոդված սահմանել՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը», որը նախատեսում է 4-ից մինչև 9 տարվա ազատազրկում, իսկ ռազմական դրության ժամանակ՝ մինչև 10-ը տարի ժամկետով ազատազրկում, և 360.2 հոդվածը՝ «Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը», որն առավել խիստ պատիժներ է սահմանում` 6-ից մինչև 14 տարի ժամկետով: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով 3-5 տարի ազատազրկում:
Եթե կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում չէին հերթապահի. Բալայանը` սահմռկեցուցիչ դեպքի մասին
Փաստաբանի կարծիքով՝ զինված ուժերում անհրաժեշտ է ամեն ինչ անել նախևառաջ ներքին ծառայության կանոնագիրքը եթե ոչ հարյուր, գոնե հարյուրին մոտ տոկոսով գործադրելու համար, որպեսզի ուղղակի զինված ուժերում, մասնավորապես զորամասերում ծառայությունն իրականացվի բացառապես օրենքների ու ներքին կանոնադրության համաձայն:
«Եթե կարողանանք զինված ուժերում իրականացնել մտածողության բեկումնային փոփոխություն, կհասնենք այն վիճակին, որ ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գնահատենք, թե քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն ինչ արդյունք կտան»,- նշեց նա:
Փաստաբանի դիտարկմամբ՝ արատավոր բարքերի պատճառները խորն են ու բազմաշերտ և կապված են նաև հասարակության ընդհանուր տրամադրվածության հետ: Անընդունելի բարքերը բանակ են ներթափանցել հասարակության տարբեր սոցիալական շերտերից: Զինված ուժերում կան ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերություններ: Երկրորդ տարբերակը, ցավոք, սրտի երբեմն դառնում է գերակշռող: ԶՈւ վերնախավի կողմից անհրաժեշտ կամ բավարար պայքարի բացակայության արդյունքում վատ բարքերը դարձել են տիրապետող զորամասային բոլոր օղակներում՝ դառնալով ողբերգությունների պատճառ:
Նորիկյանի կարծիքով՝ ունենք կրթական առաքելության խնդիր և հոգեբանական ծառայության անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի տոտալ աշխատանքի արդյունքում զինված ուժերից արմատախիլ անել հանցավոր արժեքներն ու արատավոր բարքերը:
ԱԺ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիան ավարտվեց. զինվորի հարազատները հավատացին Քոչարյանին