Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ընտրություններն Ադրբեջանում քաղաքական կուրսի լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի, համենայնդեպս` արտաքին քաղաքական դաշտում: Փորձագետը գտնում է, որ սպասվող ընտրությունները լուրջ ազդեցություն չեն ունենա նաև բանակցային գործընթացի վրա:
«Հնարավոր է որոշակի ագրեսիվության աճ գրանցվի քարոզարշավի ընթացքում, մինչև ընտրությունների օրը, որոնք ներքին քաղաքական դաշտում, իշխանական վերնախավում վերադասավորումների արդյունք են: Այսինքն՝ պետք է տրամաբանության մեջ դիտարկել այն, որ իրենց իշխող քաղաքական համակարգն իր էությունը չի փոխում: Սակայն այս հանգամանքը չի նշանակում, որ կլինի բացասական կամ դրական դինամիկա բանակցային գործընթացի առումով»,- նշում է փորձագետը:
Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունները գործադիր իշխանության վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, առավել ևս, որ խորհրդարանում կրկին մեծամասնություն կկազմի իշխող քաղաքական ուժը և հավատարիմ կմնա Իլհամ Ալիևի քաղաքական գծին։ Հետևաբար, չարժե ակնկալել որևէ փոփոխություն: Թերևս փոփոխության կարելի էր սպասել, եթե կառավարությունում տեղի ունենային լուրջ տեղաշարժեր, կամ փոխվեր երկրի ղեկավարը, սակայն նման բան նույնպես տեսանելի չէ:
Տարոն Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կպահպանի իր կեցվածքը, թեև այնպես չէ, որ այդ կեցվածքն այժմ էլ կառուցողական է: Նույն ագրեսիվ հայտարարություններն են ու նաև գործողությունները Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գոտում: Հայկական կողմն իր հերթին հաշվի է առնում հնարավոր բոլոր սցենարները:
«Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ». Նաղդալյան
Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են 2020 թվականի փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր 2019թ–ի դեկտեմբերի 5-ին։Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարվել էր դեկտեմբերի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, ձեռնպահ` 1, դեմ` 1։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանում սպասվող ընտրություններին, ասել էր, որ Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում անփոփոխ է` անկախ հակառակորդ երկրի քաղաքական գործընթացներից։