ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., 1984թ.-ին ՀՀ ազգային պատկերասրահից չպարզված հանգամանքներում հափշտակել է 7.500.000 ՀՀ դրամ գնահատված Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի վրձնին պատկանող «Որսորդ» կտավը։ Մինչև 2019թ. գարուն նա կտավը պահել է իր մոտ: Ապա, գումար ձեռք բերելու նպատակով Երևան քաղաքի 47-ամյա և 37-ամյա բնակիչների հետ նախնական համաձայնությամբ, մտադրվել է իրացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կտավը:
2019թ. հունիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 37-ամյա տղամարդը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկում հանդիպել է գնորդին և կտավի իրացման համար պահանջել 60.000 ԱՄՆ դոլար:
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց դատախազության բողոքը
25.000 դոլար փոխանցելուց հետո, գնորդը հայտնել է, որ գումարի մյուս մասը կփոխանցի կտավի բնօրինակ լինելու հանգամանքը ստուգելուց հետո: Նույն օրը գնորդի հետ հանդիպելուց և կտավի բնօրինակ լինելու հանգամանքը պարզելուց հետո, 37-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչություն:
Բացի այդ, 1963թ. ծնված տղամարը, 2019թ. մայիսին ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող «Ф-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար նախատեսված պայթուցիչ, որը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է վերջինիս բնակության հասցեում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու տղամարդկանց՝ 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: