ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ` Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի «Գուդաուրի–Կոբի» հատվածը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
««Գուդաուրի–Կոբի» ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է ձնահյուսի վտանգի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։
Ձնահյուսի վտանգն առաջացել է ջերմաստիճանի տատանման հետևանքով։ Արդյունքում ձյունը սկսել է հալչել` առաջացնելով վտանգավոր իրավիճակ։
Լարսի «կամակորությունը» հաղթահարելի է. բեռնափոխադրողները կրկին ձյան գերության մեջ են
Կոբի–Գուդաուրի ճանապարհահատվածը փակ է փետրվարի 7–ից ձնահյուսի վտանգի պատճառով։ Գոյացել է բեռնատարներից կազմված 4–կիլոմետրանոց խցանում։ Ճանապարհը սկսել են մաքրել միայն փետրվարի 10–ին, երբ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հաղորդել է, որ վտանգն անցել է։ Սակայն երթևեկությունը վերականգնվել է նախորդ երեկոյան միայն մարդատար ավտոմեքենաների համար։