ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Թբիլիսիի շուկաներում արդեն կարելի է հայկական պանիրներ գտնել։ Շիրակի մարզի հեռավոր Արդենիս գյուղի բնակիչ, գործարար Սամվել Ղարիբյանը շուտով իր պանիրները կառաջարկի նաև Թբիլիսիի սուպերմարկետներին։
Ղարիբյանն ունի իր ագրոհամալիրը։ Նա վերջերս է սկսել պանիր արտահանել Թբիլիսիի շուկաներ։ Գործարարի կարծիքով` հարմար գնի դեպքում միշտ էլ գնորդ կգտնվի։

«Վրաստանն իր շուկան մեզ համար երբեք արհեստականորեն չի փակում։ Մաքսայինը հանգիստ անցնում ենք։ Շուկայում մեր կիլոգրամը վաճառում ենք 13 լարիով (2300 – 2400 դրամ)։ Արժեքի մեջ մտնում է նաև փոխադրումն ու մաքսային գրանցումը, բայց Վրաստան արտահանելը դեռ ձեռնտու է», – պարզաբանեց Ղարիբյանը։
Թբիլիսիի շուկաներում այդքան էլ դժվար չէ հայկական պանիր գտնել. պանիր են մատակարարում Հայաստանի հյուսիսում գործող մի քանի գործարանից, որտեղ արտադրությունը զարգացած է, ճանապարհը` մոտիկ։ Այստեղից Թբիլիսի գրեթե նույն ճանապարհն է, ինչ Երևան։
Ղարիբյանն ուզում է մեկ քայլ էլ առաջ գնալ ու պայմանավորվել թբիլիսյան սուպերմարկետների հետ։ Նրա խոսքով` այդ դեպքում սակայն, խոշոր ու կայուն ծավալներ են հարկավոր, բայց խոստանում է` խնդիրներ չեն առաջանա։
Արդենիսում ու Ամասիայի մոտակա գյուղերում տարվա կեսը ձմեռ է։ Ամառը հով է, այդ պատճառով խոտը չի խանձվում ու անասունը նորմալ արածում է։
«Ինչ, ինչ, բայց կերի հետ կապված խնդիր չունենք։ Ցեղական անասուն էի պահում, հիմա չունեմ, բայց մտածում եմ նորից սկսել պահել», – ավելացրեց Ղարիբյանը։
Իր բիզնեսը զարգացնելու համար գործարարն օգտվել է անասնաբուծության աջակցման ծրագրից, որն անցկացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն` Ավստրիայի ու Շվեյցարիայի աջակցությամբ։
Ինչու պանիրը նման չէ թթվասերին․ սննդամթերքի արտադրությունը Հայաստանում հունվար-նոյեմբերին
Բայց նա ինքնուրույն է գնել սարքավորումների հիմնական մասը, Վրաստանի հետ կապերն էլ նրա համար սովորական երևույթ են։ Սահմանն Արդենիսից 20 րոպե հեռավորության վրա է։ Այն կողմում հայաբնակ Ջավախքն է։ Ղարիբյանը ծննդով այնտեղից է։
Բայց նախքան կսկսի նորից կովեր բուծել, Ղարիբյանն ուզում է հասկանալ` ում է կարելի գործի ընդունել։ Գյուղացիները չեն համաձայնում իր առաջարկած պայմաններին։ Այդ պատճառով նա աշխատանքային միգրանտների է հրավիրել Հարավային Ասիայից, որոնց կարելի է Երևանում էլ հանդիպել։ Պարզվում է` նրանք պատրաստ են քիչ գումարի դիմաց աշխատել (կարելի է ասել` ուտելու փողի), բայց նրանց պետք է հետևել, քանի որ առանձնապես աշխատասեր չեն։ Այդ պատճառով Սամվելը նրանց երկու շաբաթից անց հետ է ուղարկել Երևան։
«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում
Այսպես թե այնպես, նրա խոզի ֆերմայում տեղացիներ են աշխատում, կաթնամթերքի արտադրությունում` նույնպես։ Կաթը հանձնում են Արդենիսից ու հարևան մի քանի գյուղերից։ Գործարարի կարծիքով` այստեղ դժվար, բայց հնարավոր է ինչ–որ գումար վաստակել ու ապրել ։