ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո 2020–ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ ավտոմեքենաների. նման որոշում կայացվեց կառավարության` այսօր կայացած նիստի ժամանակ։
«647 ապրանքների մասով արտոնությունը կերկարաձգվի մինչև այս տարվա վերջ, որի արդյունքում 30 մլն դոլարով պակաս մաքսատուրք կվճարենք։ Խոսքը մսի, կարագի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, դեղորայքի մասին է»,–ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` որոշումը ներառում է երրորդ երկրներից ներկրվող բոլոր ապրանքները` բացառությամբ մեքենաների։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հույս ունի` փոփոխության արդյունքում խնայված առնվազն 30 մլն դոլարը ճիշտ կօգտագործեն տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու համար։
Հայաստանը հեղափոխությունից հետո սկսել է ավելի շատ գումար վճարել ԵԱՏՄ բյուջե
Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվարի 1-ին ավարտվում էր երրորդ երկրներից որոշ ապրանքների ներկրման համար ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետը։ Նախատեսվում էր, որ հունվարի 1-ից Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքատեսակներ կթանկանան։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Sputnik Արմենիային էր տրամադրել թանկացող ապրանքների ցանկը։ Մսամթերքը հունվարի 1-ից պետք է թանկանար 15-25 տոկոսով, ձեթն ու կարագը` 15, դեղորայքը` մինչև 6.5 տոկոսով։ Թանկացող ապրանքների շարքում են նաև ավտոմեքենաները։ 900 ապրանքատեսակներից 293-ը տրանսպորտային միջոցներն են։