Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել ֆոտոբանկГречневая каша
Гречневая каша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արարատ Պողոսյանը սկսել է 3 հեկտարից, իսկ այսօր աշխատում է 30-ի վրա։ Հայաստանի ամենացուրտ մարզերից մեկում նա հնդկաձավար, կտավատ (որից ձեթ է պատրաստում), վարսակ ու սիսեռ է ցանում, իսկ հիմա ուզում է փորձել ելակ ու հաղարջ տնկել և իր ամբողջ տնտեսությունն օրգանական դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Սակավահող Հայաստանում դժվար է հացահատիկ աճեցնել։ Դա քիչ թե շատ եկամուտ է բերում, միայն եթե գյուղացին շատ հող ունենա։ Բայց դեռ Խորհրդային Հայաստանում մեկ գյուղացուն միջին հաշվարկով բաժին էր հասնում ընդամենը 0.4 հա վարելահող։ Իսկ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո կոլխոզներն ու սովխոզները մասնատվեցին փոքր հողակտորների։ Այսպես հացահատիկն արդեն ձեռք չի տալիս, իսկ ցորենից ու կարտոֆիլից բացի, ցուրտ Աշոցքում գրեթե ոչինչ չի էլ աճում։ Դրանից է, որ Սիզավետ գյուղում խորհրդային տարիներին ավելի քան 600 հա հող էին մշակում, իսկ հետո` ընդամենը 20-30։ Հողն անտեր էր մնացել, մինչև մի քանի տարի առաջ այստեղ սկսեցին հնդկաձավար ցանել։

Ցանկացողներին նախ սերմեր ու պարարտանյութ տրամադրեցին Եվրոպական հարևանության գյուղատնտեսական ծրագրով (ENPARD), հետո նաև պատրաստի հնդկաձավարի փաթեթավորման հոսքագիծ։ Իր ուժերը ցանկացավ փորձել երկարամյա գյուղապետ Արարատ Պողոսյանը։ Նա վստահեցնում է, որ ոչ մի պարարտանյութ չի օգտագործում. համոզված է, որ ընդամենը պետք է ճիշտ ցանքաշրջանառություն պահպանել։ Պողոսյանին օգնում է գյուղատնտեսական տեխնիկումի կրթությունն ու 80-ականներին շրջանային գյուղատնտես աշխատելու փորձը։ Ձեռք բերած գիտելիքները նա չի մոռացել։

© Sputnik / Aram GareginyanԱրարատ Պողոսյան
Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում - Sputnik Արմենիա
Արարատ Պողոսյան

«Մեկը մի քանի տարի վրա–վրա ցորեն կցանե, հետո կսե, թե բերքս ցածր է։ Հա բա ի՞նչ պիտի էղնի. հողիդ ռեսուրսը սպառվել է։ Ըդոր համար պիտի ցանքաշրջանառություն իմանաս։ Մի տարածքում մի տարի ոսպ ես ցանում, հետո` գրեչկա, հետո` կտավատ։ Ու նորմալ աճում է», – ասում է Պողոսյանը։

Фермер из села Арени Вайоцдзорской области Аревик Симонян на пресс-конференции Есть женщины в армянских селеньях... (4 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը

Երեք հեկտարից սկսելով` Պողոսյանն այսօր 30–ն է մշակում ։ Այստեղ նա, գյուղատնտեսական գիտելիքի համաձայն, հերթով ցանում է հնդկաձավար, ոսպ, սիսեռ, կտավատ և վարսակ։

Տեղական հնդկաձավարն արդեն պահանջված է դարձել Երևանում` թե՛ բովածը, թե՛ կանաչ չբովածը։ Սակայն այսքանով Պողոսյանը չի սահմանափակվել և սկսել է կտավատի ձեթ արտադրել։ Հայաստանից բացի, Facebook–ի իր էջի միջոցով արդեն փորձում է արտահանումներ սկսել։ Սրան զուգահեռ ուզում է իր ապրանքի համար օրգանական արտադրանքի սերտիֆիկատ ստանալ։

Անցած տարի ամռան ցրտերի պատճառով Պողոսյանի հնդկաձավարը ցրտահարվել էր (չմոռանանք, որ Աշոցքի կլիման այդքան էլ մեղմ չէ)։ Սակայն Պողոսյանը չի հուսահատվում, դեռ հակառակը` Շիրակի մարզպետին առաջարկ է արել, որից հրաժարվելն անհնար է։

Современная ферма в селе Азатан, Ширак - Sputnik Արմենիա
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն

«Առաջարկել եմ, որ մեր շրջանի գյուղացիները գրեչկա ցանեն։ Ինչքան ցանեն, ես կմթերեմ, իրենցից կառնեմ», – ասում է Պողոսյանը։

Տեսնելով, որ հարևանի գործերն առաջ են գնում` գյուղացիները կամաց–կամաց սկսել են ցանքս անել և՛ Սիզավետում, և՛ մոտակա գյուղերում։

Այդքանից հետո ո՛չ ինքը, ո՛չ էլ երկու որդիները արտագաղթելու մասին չեն մտածում։ Միջնեկ որդին դեռ դրսում է, բայց հայրը նրան էլ է ուզում է հետ բերել։ Այս անհյուրընկալ թվացող հողը նրա համար ստեղծագործության անսահման մի դաշտ է։ Այս տարի նա աշորայի նոր, շվեդական տեսակ է բերել, որն ուզում է փորձարկել։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Ամառն այստեղ կարճատև է, բայց հատապտուղների աճեցման տեղ է տալիս։ Գյուղացիներից շատերը տնամերձ հողամասերում ելակ են ցանում։ Արարատը որոշել է այստեղ էլ գործ բռնել` ցանքի համար առանձնացնելով առաջին 100 քառակուսին։

«Տեսնինք` ինչ կստացվի։ Կրիժովնիկը հյուսիսային բույս է, ցրտերից չի վախենում», – ասում է նա։

Նրա ընտանիքից բացի` իր աշխատանքից եկամուտ են ստանում նաև հնդկաձավարի փաթեթավորման հոսքագծի և կտավատի ձեթի արտադրության աշխատողներն ու դաշտում աշխատող տրակտորիստներն ու կոմբայնավարները։

Հիմա նա ուզում է դիմել օրգանական գյուղատնտեսության աջակցման ծրագրին, որը Հայաստանում անցկացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Նպատակը մեկն է` օրգանական հավաստագիր ստանալ իր ամբողջ արտադրանքի համար։

Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала