ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Նոր Գեղիի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով փողոցն անվանափոխելու գործով: Մարզպետն իր քայլի մասին հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ընթացք է ստացել փողոցի անվանափոխման գործը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն իր ծննդյան 72–րդ տարեդարձի առթիվ գյուղի կենտրոնական` Երևանյան փողոցն անվանակոչել էր իր անունով։ Պետրոսյանը դիմել էր դատարան` փողոցը վերանվանելու համար։
«Ես վարչական դատարան էի դիմել, որպեսզի չեղարկվի փողոցի անվանափոխման ` Նոր Գեղիի ավագանու որոշումը։ Սակայն դատարան դիմելու սահմանված ժամկետն արդեն անցնելու հիմնավորմամբ հայցը կասեցվեց։ Ես վերաքննիչ եմ բողոքարկել, ու հայցը վարույթ է ընդունվել»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` մարզպետարանի իրավաբանական բաժինն այժմ զբաղվում է այդ հարցով։
«Աբովյանի քաղաքապետը լղոզում է իրականությունը». Կոտայքի մարզպետ
Պետրոսյանի կարծիքով` եղածն անձի պաշտամունքի հետևանք է, ավելին, Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել համայնքին, միայն թե մարզպետն այդ անվանափոխումը չանի: Ըստ Պետրոսյանի` արվել ու արվելու է ամեն ինչ, որպեսզի որևէ համայնքում անձի պաշտամունք չլինի։
Հիշեցնենք, որ Թևոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ նաև իր անունով է դարձրել գյուղի արվեստի դպրոցը։
Նա Նոր Գեղիի ղեկավարն է եղել 1985 թվականից և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի օգոստոսի 31-ին:
Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում