ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ Պարետի որոշմամբ հուլիսի 9-ին 24 ժամով կասեցվեց Գյումրու մեծածախ առևտրի փակ շուկայի աշխատանքը (գյումրեցիներին հայտնի «Միկրոյի» շուկան): Տարածքի սեփականատեր «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ն այս ընթացքում պետք է արգելի առևտրով զբաղվող քաղաքացիների մուտքը տարածք, ինչպես նաև ախտահանի այն։
Տարածքի սեփականատերը պարտավորվում է վերացնել բոլոր թերությունները։
Ոստիկաններն ու Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ներկայացուցիչները տարածք առևտրականների մուտքն արգելել են դեռ առավոտյան 6-ից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` բանակցություններ տեղի են ունեցել 3 օր շարունակ, իսկ այսօր արդեն առանց խնդիրների իրավապահներին հաջողվել է տարածքն ազատել է:
«Առավոտյան 6-ից սկսել ենք աշխատանքները, մեր քաղաքացիները բոլորը հասկացել են, որ այս աշխատանքները՝ տարածքի ախտահանում և այլն , իրենց համար է ու դեմ չեն եղել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը՝ վստահեցնելով , որ շուկայի գործունեության վերսկսումից հետո մշտադիտարկումները շարունակական բնույթ կկրեն:

Ի տարբերություն փակ շուկայի, անմիջապես հարևանությամբ գործող այսպես կոչված «Լաչինի միջանցքի» շուկայում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները շարունակում են առևտուրը՝ չպահպանելով հակահամաճարակային նորմերը։ Նրանք առանց դիմակների ու ախտահանիչ նյութերի են, չեն չպահպանում սոցիալական հեռավորությունը:

«Շահումյան փողոցից մինչև Պոբեդա ընկած ՝ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում քաղաքացիները փողոցային առևտրով են զբաղվում, դա մեր ենթակայության տակ չէ»,-ասաց Արտուշ Հովհաննիսյանը:
«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Նշենք, որ այդ տարածքի հսկողությունն իրականացնում է քաղաքապետարանը: Պարետատան որոշումների կատարման բազմաթիվ խախտումներ են պարբերաբար արձանագրվում այստեղ: Պարտադիր դիմակ կրելու քաղաքապետարանի հորդորներն անօգուտ են։ Ըստ պատասխանատուների, արդեն անհրաժեշտ է ավելի կոշտ միջոցներ կիրառել, ասենք՝ վարչական տույժեր: