ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցից հետո վարչություններին հանձնարարել են սկսել ավիահաղորդակցության վերականգման մասին բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են թռիչքները վերսկսել հուլիսի 15-ից։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, որոշ զբոսաշրջային ընկերություններ արդեն տուր-փաթեթներ են վաճառում դեպի Թուրքիա․ Որոշ տուրեր առաջարկվում են չարտերային չվերթներով, որոշներն էլ՝ Turkish Airlines-ի պարբերական չվերթներով։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ հուլիսի 15-ից իշխանությունները կսկսեն վերացնել օտարերկրյա թռիչքների սահմանափակումները։ Ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն երկրների հետ, որտեղ կորոնավիրուսով հիվանդացությունը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 40 դեպքից ավելի չէ․ COVID-19-ի օրական միջին տարածման ցուցանիշն այդ երկրներում չպետք է գերազանցի 1%-ը։
«Իրար մեջ դեռ չեն կարողանում պարզել». Պուտինը` միջազգային ավիահաղորդակցության մասին
Ռուսաստանը մարտի 27-ին կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթները, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։