Տավուշում հրշեջներն աշխատում են հրետակոծության տակ. ի՞նչ են հրահանգել բնակիչներին

© Sputnik / Asatur YesayantsПожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн
Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մինչ սահմանամերձ տարածք մեկնելը հրշեջ-փրկարարական բոլոր ավտոմեքենաները ներկվել են, գունավորումը թարմացվել է, որպեսզի հակառակորդը հասկանա, որ հրշեջ մեքենաներ են: ՀՀ վարչապետը, սակայն, թերահավատություն հայտնեց, թե դա մեր հակառակորդի համար որևէ էական նշանակություն կունենա:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցնող գիշեր ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ իրականացված հրետակոծության հետևանքով երկու հրդեհ է բռնկվել Այգեպար գյուղի բնակելի տներից մեկում ու մի զորամասում: Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Կրակի տակ չենք կարողանում աշխատել: Երկու հրդեհն էլ հանգցրեցինք, բայց ստիպված էինք աշխատել կրակի տակ»,- ասաց Ցոլակյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ սահմանամերձ տարածք մեկնելը հրշեջ-փրկարարական բոլոր ավտոմեքենաները ներկվել են, դրանց կարմիր գունավորումը թարմացվել է:

«Որ տեսնեն, իմանան` հրշեջ մեքենա է»,- պարզաբանեց նախարարը:

Վարչապետը, սակայն, թերահավատություն հայտնեց, թե դա մեր հակառակորդի համար որևէ էական նշանակություն կունենա:

 Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հավաքում և դիրքեր են ուղարկում անվադողեր: - Sputnik Արմենիա
Ոստիկանությունն անվադողեր է ուղարկում սահման. տեսանյութ

«Եթե բնակելի տներին են կրակում, չեմ կարծում` հրշեջ մեքենան դրական վերաբերմունքի արժանանա»,- ասաց Փաշինյանը:

Ցոլակյանը նաև հայտնեց, որ փրկարար ծառայության աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական պաշտպանության լայնածավալ աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ գյուղերում:

«Բոլոր գյուղերն ապահովված են շտապօգնության, հրշեջ մեքենաներով: Մենք այլ տեղերից մեքենաներն ուղարկում ենք այնտեղ: Անձնակազմը կա, բացի այդ` լրացուցիչ ուժեր ենք ուղարկել հենց ավերածությունների համար: Գտնվում են Բերդի տարածաշրջանում» ,- ասա Ցոլակյանը:

Նա նաև նշեց, որ բնակչությանը հրահանգված է մեծ խմբերով չհավաքվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала