Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

© Sputnik / Aram NersesyanВид на озеро Севан с дома творчества писателей
Вид на озеро Севан с дома творчества писателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լճի «ծաղկման» սեզոնի ավարտին կապտականաչ ջրիմուռները չեն վերանում։ Դրանց սպորներն իջնում են ջրի հատակը և այնտեղ մեկ տարի սպասելուց հետո հաջորդ ամռանը` եղանակի տաքացմանը զուգահեռ, դարձյալ բարձրանում են ջրի երես։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի –Sputnik. Սևանի ծաղկման գործընթացը շարունակվում է ու եղանակի տաքացմանը զուգահեռ ակտիվանում, իսկ իշխանությունների ձեռնարկած քայլերը բավարար չեն վտանգավոր հետևանքները կանխելու կամ մեղմելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը` հիշեցնելով, որ 2019-21թթ–ին նախատեսված 750 հա ջրածածկ տարածքի մաքրման փոխարեն պաշտոնական տվյալներով մաքրվել է միայն 150 հա–ը։

«Այս պրոցեսը կարող է անդառնալի լինել Սևանի համար, հետևաբար ոչ միայն պետք էր արագացնել տեմպերը, այլև նույնիսկ գերազանցել նախատեսված 750 հա-ը»,– ասաց նա։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ

Հաջորդ կարևոր քայլն, ըստ Վարագյանի, պետք է լիներ լճում ձկնորսության արգելքը, մինչդեռ ապօրինի որսն այսօր էլ շարունակվում է, կառավարությունն էլ մտադիր է օրինականացնել այն`այս տարվա համար արտոնելով 200 տոննա սիգի արդյունագործական  որսը։

«Եվ դա այն պարագայում, որ վաղուց հաստատված է, որ ցիանոբակտերիաներով հարուստ ջրերում այդ օրգանական նյութի սպառողը ձկներն են։ Իսկ արդեն ձուկը սննդի մեջ կարող է մարդու առողջության համար վնասակար լինել` ազդել նյարդային համակարգի, լյարդի գործունեության վրա»,– ասաց Վարագյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24 –ին  Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան առաջարկել էր այս տարի Սևանից որսվող սիգը` որպես էկոլոգիապես  մաքուր ու օգտակար սնունդ, մատակարարել բանակին։

Վահագն Վարագյանը, սակայն, Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկը հանրային առողջության տակ դրված դանդաղ ռումբ է համարում, որի տխուր հետևանքները կարող են ի հայտ գալ տարիներ հետո։

Վարագյանի խոսքով` ցիանոբակտերիաների այն տեսակը, որը հայտնաբերվել է Սևանում, իր արտադրած թույնով մասնագիտական շրջանակներում ընդունված է համեմատել կոբրայի թույնի հետ։ Եվ դրանով հագեցած ջուրը վտանգավոր է նաև կենդանիների համար։

«Հայաստանում անցած տարի գրանցված խոշոր եղջրավորների զանգվածային անկումները հստակ դրա հետևանքով են եղել։ Նշվում է, որ այդ ջրից խմելուց հետո անասունների մոտ մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում անկումներ են գրանցվում։ Անասուններն ընկնում են ու այլևս չեն կարողանում ոտքի կանգնել, քանի որ այդ թույնն անմիջապես ազդում է նրանց նյարդային, մկանային համակարգի վրա»,– ասաց Վարագյանը։

Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել

Նրա խոսքով` այդ անասունի միսը, ինչպես նաև` Սևանի ջրով ոռոգված գյուղմթերքը, ևս կարող են վտանգավոր լինել մարդու համար։

«Հրազդան գետի ջրով ոռոգված մշակաբույսերի մեջ անգամ կարող է թույնի որոշակի քանակություն լինել, և մարդու առողջությանն անդառնալի վնաս պատճառել»,– ասաց Վարագյանը։

Բացի այդ ցիանոբակտերիաների համար այժմ բազմացման ակտիվ փուլ է, ու դրանք հատկապես թունավոր են։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին

«Ջրում լողալը, պատահաբար խմելը կարող է և՛ խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ, և՛ այդ պահին տեսանելի մաշկի բորբոքումների, մաշկային տարբեր հիվանդությունների, կարող է նաև գլխացավ, գլխապտույտ, կոկորդի ցավ, ստամոքսաղիքային տարբեր խանգարումներ առաջացնել։ Նախարարությունը պարտավոր է բնակչությանը հստակ զգուշացնել, թե կոնկրետ որ հատվածներում կարելի է լողալ»,– ասաց Վարագյանը։

Բոլոր այս բացասական հետևանքներից խուսափելու համար մասնագետը կառավարությանը կոչ է անում լուրջ ուսումնասիրություններ իրականացնել ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Իսկ մինչ այդ գոնե հրապարակել առողջապահության նախարարության արդեն կատարած հետազոտության արդյունքները և հստակ ներկայացնել, թե Սևանի որ հատվածներից  է նմուշառվել հետազոտված ջուրը, և ինչ է հայտնաբերվել դրա մեջ։ Հակառակ դեպքում, ըստ Վարագյանի, նախարարության հայտարարությունը, թե Սևանում լողալն ու ջուրը պատահաբար խմելը կարող է վտանգավոր լինել, առանց գիտական հենքի, արժանահավատ չէ։

Նախարարությունում Վարագյանի հետ համաձայն չեն։ Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախարարության հայտարարությունը հանրությանը զգուշացնելու համար է արվել, իսկ ՀԿ–ները կարող են դիմել գերատեսչությանն ու ստանալ հետազոտության մասնագիտական գնահատականը։

Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ

«Նմուշառումն արվել է այն ափերից, որտեղ կանաչ ջրիմուռներ են նկատվել։ Եվ այստեղ էականն այն է, որ դրանք այս պահին վտանգ չեն ներկայացնում։ Ընդ որում, չի բացառվում, որ այսօր դրանք այս ափին են նկատվել, բայց վաղը հայտնվեն մեկ այլ ափին, քանի որ անընդհատ շարժման մեջ են»,– ասաց Նիկողոսյանը։

Նշենք նաև, որ Վահագն Վարագյանի կանխատեսմամբ, այս տարի Սևանի փրկության կոնկրետ քայլեր չձեռնարկելու դեպքում, հաջորդ տարի Սևանում ավելի վատ վիճակ կարող է լինել։ Բանն այն է, որ ծաղկման սեզոնի ավարտին կապտականաչ ջրիմուռները չեն վերանում։ Դրանց սպորներն իջնում են ջրի հատակը և այնտեղ մեկ տարի սպասելուց հետո հաջորդ ամռանը` եղանակի տաքացմանը զուգահեռ, դարձյալ բարձրանում են ջրի երես։

Լրահոս
0