«Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել

© Sputnik / Asatur YesayantsАвтор проекта по выращиванию стевии в Армении Рафик Казинян
Автор проекта по выращиванию стевии в Армении Рафик Казинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը մեղրախոտ (ստեվիա) է աճեցնում․այդ բույսը շաքարի հայտնի փոխարինիչ է։ Հողը նա մշակում է հայրենի Ալավերդիում և սահմանամերձ Նոյեմբերյանում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ի՞նչ պետք է անի նախկին պատգամավորը, եթե չի ուզում տանը նստել։ Կարելի է գանգատվել դառը քաղաքական ճակատագրից, բայց կարելի է և քաղցրացնել կյանքը՝ ինչպես սեփական, այնպես էլ այլոց։ Հենց այդ ճանապարհն է ընտրել Ռաֆիկ Ղազինյանը՝ Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի (այն ժամանակ՝ Գերագույն խորհրդի) պատգամավորը։ «Քաղցր կյանքի» հիմքը նա դրել է իր փոքր հայրենիքում՝ Լոռու մարզում, ինչպես նաև Տավուշում։

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը
 «Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը

Այդ նպատակի համար նա ընտրել է ոչ թե խաղողը, թուզը կամ խուրման (որոնցից այստեղ շատ կա), այլ մեղրախոտը`ստեվիան։ Շատերին հայտնի շաքարի այս փոխարինիչը շատ քաղցր է, ընդ որում՝ շաքար չի  պարունակում։ Մեղրախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Հայաստանում, իհարկե, արևադարձային անտառներ չկան, բայց Ալավերդիում և Նոյեմբերյանում կլիման մոտ է մերձարևադարձայինին՝ ամռանը տաք է, իսկ ձմռանը գրեթե միշտ զրոյից բարձր։

Հիմա Ղազինյանի ջերմոցներում տնկիները խիտ են աճում, հազիվ է հասցնում կտրել։ Սակայն միշտ այդպես չի եղել։ Ամենադժվարը սերմերից տնկիներ ստանալն է։ Դրա համար պետք է մշտապես տաք և փոքր-ինչ խոնավ եղանակ լինի։ Բացի այդ, պետք է իմանալ, թե ինչ օրգանական պարարտանյութ խառնել և ինչ պայմաններում պահել։ Ղազինյանն ասում է, որ այդ պատճառով սերմերի մոտ 50 տոկոսն էր ծլում, և դրանցից էլ միայն կեսն էր տնկիների վերածվում։

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում

Խորհուրդ ստանալու համար նա դիմեց Ստավրոպոլի ագրարային համալսարան (Ստավրոպոլում և Ղրիմում մեղրախոտի  փորձնական ցանք են անում), նրան հաճույքով օգնեցին, գաղտնիքներ բացեցին, նկարագրեցին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ինձ շատ օգնեցին։ Դրանից հետո ամեն ինչ կարգավորվեց, տնկիները սկսեցին աճել»,-ասում է Ղազինյանը։

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը
 «Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը

Հետո անալիզի համար նա ռուսաստանցի ագրոնոմներին ուղարկեց պատրաստի տնկիների օրինակները։ Պատասխանը գերազանցեց բոլոր սպասելիքները․ակտիվ նյութերի (ստեվիոզիդ և այլն) պարունակությունը Հայաստանից ուղարկված օրինակներում կազմում էր 74-76%՝ դա լավագույն արդյունքներից մեկն է աշխարհում։ Այդ նյութերի շնորհիվ մեղրախոտը շաքարից 200 անգամ քաղցր է դառնում։ Ինչպես են կազմավորվում այդ միացությունները, ինչպես են ազդում համի զգայարանների վրա, արդյո՞ք ունեն կողմնակի ազդեցություններ՝ այս ամենն ուսումնասիրում են քիմիկոսներն ու կենսաբանները։ Իսկ Ղազինյանն իր սեփական, պարզ տեսությունն ունի․այդ քաղցրությունը հողից է ծնվում։

Житель села Айгедзор Тавушской области Мелс Бабаян в своем саду - Sputnik Արմենիա
Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

«Ինձ մի անգամ հարցրին․«Դու բարձրագույն կրթություն ունես, ինչի՞դ է պետք կեղտը եղունգներիդ տակ»։ Ես պատասխանեցի․ «Սա կեղտ չէ, հող է։ Գնա, Մաթևոսյան կարդա այդ թեմայով, եթե կրթության մասին ես խոսում»։ Նա, ով սիրում է հողը և հասկանում է դրա արժեքը, այլ կերպ է նայում աշխարհին։ Չի կարող խաբել, նախանձել, չարանալ։ Ես այդպես եմ կարծում»,-ասում է Ղազինյանը։

Նրա հետ միասին աշխատում են Ալավերդու կամավորական ջոկատի ընկերները, 90-ականներին նրանց հետ միասին կռվել է Արցախում։ Նրանցից մեկը հետագայում կադրային զինվորական էր դարձել, բայց թոշակի անցնելով որոշեց ինչ-որ բանով զբաղվել։ Հիմա ջերմոցում օգնում է Ղազինյանին:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ղազինյանը մեղրախոտ է  աճեցնում։ Անցած տարի բաց հողում նրա ցանքի մեծ մասը կարկտահար եղավ։ Բայց չհիասթափվեց, շարունակեց ցանել` Ակոռի գյուղում՝ Ալավերդու մոտակայքում, ինչպես նաև Նոյեմբերյանում՝ հայ-ադրբերջանական սահմանից ոչ հեռու։ Տարեկան ընդամենը 400-500 կգ բերք է հավաքում, իսկ դա քիչ է, անգամ Հայաստանի համար։

Հայաստանում շաքարային դիաբետից մահացությունը կազմում է մահերի ընդհանուր թվի 5%-ը, 1990 թ․-ի համեմատ հիվանդացության ցուցանիշները կրկնապատկվել են։  Ղազինյանը նշում է, որ Ներքին շուկայի պահանջարկը գոնե մասամբ ապահովելու համար 5-10 հեկտար է պահանջվում, ռուսական շուկա դուրս գալու համար՝ գոնե դրա կրկնակին:

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը
 «Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը

«Հիմա տնկիներ ենք աճեցնում, ինչ-որ մեկին վաճառում ենք, մյուսին՝ նվիրում։ Ուզում ենք ֆերմերներին փոխանցել, որպեսզի իրենք նույնպես աճեցնեն։ Ես պատրաստ եմ ինքս ցույց տալ, թե ինչպես է պետք աճեցնել։ Լավ եկամուտ կստանան, բայց նաև կարկտից պաշտպանել է պետք, իսկ հակակարկտային ցանցերը էժան բան չեն, այդ է խնդիրը»,-ասում է նա։

Տաք կլիմայի պայմաններում (այսինքն՝ հենց նույն Ալավերդիում և Նոյեմբերյանում) մեղրախոտի թփերը հասնում են գրեթե մարդու հասակի բարձրության՝ մոտ 1,5 մետր։ Տեղական պայմաններում մեկ հեկտարից կարելի է 4-5 տոննա բերք ստանալ։ Եթե նվազագույնով հաշվենք (երեք տոննա, հանած մեկը՝ ծախսերին), ապա որպես մաքուր եկամուտ երկու տոննա է մնում։

Թունավորված մեղուների առեղծվածը. ինչպես է գյուղացին ունքը շինելու տեղ աչքը հանում

«Իսկ մեկ կիլոգրամ չոր տերևներն ամենաքիչը 15-20 հազար արժեն, այսինքն՝ մեկ հեկտարից կարելի է 10-15, անգամ 20 միլիոն դրամ ստանալ։ Ուղղակի կարկուտի վտանգը կա, իսկ հակակարկտային ցանցերը թանկ են՝ մեկ հեկտարը 15-20 միլիոն դրամ։ Որպեսզի բանկը նման գումար տա, թանկարժեք գրավ է պետք, իսկ ո՞ր գյուղացին նման բան ունի»,-ավելացնում է Ղազինյանը։

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը
 «Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել - Sputnik Արմենիա
Ռաֆիկ Ղազինյանի աճեցրած մեղրախոտը

Նա հավատացնում է, որ եթե հակաճգնաժամային աջակցության շրջանակներում հաջողվի այդպիսի վարկեր ստանալ, ապա միաժամանակ մի քանի նոր արտադրություններ կարող են ի հայտ գալ։ Մեկը կչորացնի տերևները, մյուսը դրանցից «հաբեր» կսարքի՝ շաքարի կտորների փոխարեն, մարդ կա՝ անգամ ուզում է խառնել այն հայկական թեյի խոտաբույսերի հետ և «երկուսը մեկում» մթերք ստանալ։

«Այդպես կարող էին հարյուրավոր աշխատատեղեր ստեղծվել։ Բայց դատարկ տեղը չխոսենք...միանգամից ամեն ինչ չի ստացվի՝ կամաց-կամաց կաշխատենք։ Ավելի լավ է, քան ոչինչ չանելը»,-ասում է Ղազինյանը։

Տնկիները նա ուզում է փոխանցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ֆերմերներին, որտեղ նույնպես մեղրախոտ աճեցնելու փորձեր են եղել։ Բարեբախտաբար, Արցախում ևս կլիման դրա համար միանգամայն համապատասխան է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала