ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» ջերմաէլեկտրակենտրոնի տարածքի շինարարության ժամանակ կպահպանվեն և կվերակառուցվեն պատմական շենքերը։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տաշիր» նախագծի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։
2010 թվականին շահագործման հանձնված էլեկտրակայանը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ։ Այն կառուցվել է մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։
«Տաշիրը», որը 2014 թվականին ՋԷԿ–ի հետ միասին գնել էր հողատարածքը, մտադիր է այնտեղ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։
«Մշակութային ժառանգության օբյեկտը քանդելու մասին» որևէ խոսք չկա։ Այդ լուրերը չափազանցված են։ Հակառակը, հայտնի էլեկտրակայանը կպահպանի իր նախնական տեսքը, կվերակառուցվի և կդառնա տեսարժան վայր՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նախագիծը համաձայնեցվել է Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ 2019 թվականի մայիսին», – հայտնել է Աճեմյանը։
Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում իրենց հերթին պարզաբանել են, որ ՋԷԿ–ի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելուց բացի, նախատեսում է նաև «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա էլեկտրակայանի» վերակառուցում և հարմարեցում։ Նոր շինարարությունը նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության օբյեկտի սահմաններից դուրս։
«Տվյալ շենքի վերաբերյալ հաստատվել է պահպանման առարկա, որը նախատեսում է շենքի` 1925-1928 թվականներին թվագրվող բոլոր տարրերի պահպանում»,– պարզաբանել է գերատեսչությունը։
«Տաշիրի» ներկայացուցիչը հավելել է, որ ընկերությունը հաշվի է առնում հողատարածքի տեղակայման կարևոր պատմական կոնտեքստը և նախագծումը հանձնարարել է Վենետիկի բիենալեի դափնեկիր, ճարտարապետ Իլյա Ուտկինին, որը հայտնի է իր՝ պատմական միջավայրի վերարտադրման և պահպանման հաջողված աշխատանքներով։
Սամվել Կարապետյանի կինը ցույց է տվել՝ ինչպես են նշել թոռան ծննդյան օրը
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է սեփականատեր և ղեկավարում է շինարարական, արդյունաբերական ոլորտի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ։ Անշարժ գույքի ոլորտում ակտիվների ընդհանուր պորտֆելը, ընկերության տվյալներով, շուրջ 2.5 մլն քմ է։