Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

Բաժանորդագրվեք
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала