ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել։ ԲԿ-ից պարզաբանում են տարածել` մանրամասնելով մահվան պատճառը և արձագանքելով մամուլում տարածված լուրերին։
«Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 4 ամսական մի երեխա, որի մոտ առկա է եղել անհանգստություն, դժվար շնչառություն և նկատվում է վիճակի վատացում։ «Սուրբ Աստվածամայրից» խնդրել են շտապ օգնություն: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կենտրոնի ռեանիմոբիլով անմիջապես մեկնել են Սիսիան»,–նշված է պարզաբանման մեջ։
Երեխային շտապ տեղափոխել են Երևան: Օգոստոսի 20-ի գիշերը՝ ժամը 02:00-ին, երեխան ծանր վիճակում ընդունվել է ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք:
Մի քանի ժամ անց շնչառական անբավարարության պատճառով երեխային միացվել է արհեստական շնչառության սարք: Ըստ մոր խոսքի` երեխան հիվանդ է եղել 6 օր:
Կենտրոնում անցկացվել են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, ախտորոշվել է սուր ռեսպիրատոր հիվանդություն (վիրուսային), թոքաբորբ, շնչառական անբավարարություն, ցնցումային համախտանիշ, անբավարար փարթամություն: Կատարվել է նաև COVID-19 թեստավորում, որի պատասխանը բացասական է եղել: Արվել են հնարավոր բոլոր հետազոտությունները, ռենտգեն ու նեղ մասնագետների խորհրդատվություններ են անցկացվել: Կատարվել է ողնուղեղային պունկցիա՝ նեյրոինֆեկցիայի ախտորոշման նպատակով: Ամբողջ ծավալով կատարվել է ինտենսիվ բուժում:
ԲԿ–ն հայտնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե երեխայի վիճակի մասին բժիշկներն ինչպես հարկն է չեն տեղեկացրել ծնողներին՝ անհեթեթություն է: Վստահեցնում են` օրը մի քանի անգամ երեխայի ծնողներին ներկայացվել է նրա ծանր վիճակի մասին՝ անձամբ բաժանմունքի ղեկավարի կողմից: Բացի այդ, ծնողները նաև տեսակցել են երեխային, իմացել վիճակի ծանրության մասին և տեսել, որ երեխան շնչում է արհեստական շնչառության սարքով։
Մայրը, լսելով նորածնի ճիչը, սրբիչը մտցրել է նրա բերանը. զարհուրելի դեպքի մանրամասները
Օգոստոսի 22-ին` ժամը 12-ին, երեխայի մոտ ցնցումների ֆոնի վրա արձանագրվել է կենսաբանական մահ, որի մասին բաժանմունքի վարիչը, տնօրենի ներկայությամբ, տեղեկացրել է երեխայի տատիկին:
ԲԿ-ն հայտնում է նաև, որ երեկ շուրջ 10 հոգով, խախտելով կարանտինայիվ վիճակը, հարազատները բարձրացել են վերակենդանացման բաժանմունք, իսկ տնօրենը, լսելով նրանց բողոքներն ու դժգոհությունները, հստակեցրել է հետագա քայլերը՝ տեղեկացնելով, որ դին պետք է գնա դատաբժշկական փորձաքննության և հարազատների հարցերին պատասխան կարող են տալ միայն իրավապահ մարմինները:
«Հարազատներին հորդորվել է դադարեցնել աղմուկն ու դժգոհության գործողությունները՝ չխոչնդոտել բաժանմունքի աշխատանքը, ինչը հարազատների մոտ առանձին դժգոհություն է առաջացրել: Իրավիճակից ելնելով` ստիպված ենք եղել կանչել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի չխանգարեն մյուս երեխաների բուժման պրոցեսին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տավուշում դաժանորեն ծեծված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա
ԲԿ–ն հայտնում է, որ ցավում է երեխայի մահվան հետ կապված, սակայն ևս մեկ անգամ շեշտում է` անձնակազմը կատարել է առավելագույնը երեխայի կյանքի համար պայքարում:
Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան