ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Ավինյանը նշել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են՝ հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումներով:
Ավինյանը կարևորել է տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթների ու պարտականությունների հստակեցումը, պետական կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովումն ու պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակումը։
Հանդիպմանը ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:
Նրանք ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները:
Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին, և նախանշվել են հետագա քայլերն ու միջոցառումները:
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է