ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի սկզբից հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․պլանով նախատեսված միջոցառումները։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն:
Տոնոյանը, կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը, գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, երկու երկների միջև ռազմական համագործակցությունը վերսկսվել է։
Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեռ 2014-ի հոկտեմբերին Հայաստանում բացվեց հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը` «Լյուբավա-Արմենիան»։ Հայտնի է, որ ընկերությունը զբաղվում է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ (կեղծ թիրախներ, տեխնիկական և այլ վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ):