ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախում խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցության մեջ է ԱՀ իրավասու մարմինների հետ։
«Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար օպերատիվ տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։
Ադամ Շիֆը կոչ է արել պարզել, թե ով է բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատժելու համար
Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կան զոհեր և վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։ Նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին, տարբեր ենթակառուցածքներին:
Արցախի ՄԻՊ տվյալներով` ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել են 50-ից ավելի բնակավայրեր, այդ թվում Շուշին, Բերձորը, Մարտակերտը, Քարվաճառը, մայրաքաղաք Ստեփանակերտը և այլն։
Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարձագանքի Ադրբեջանի քայլերին. նախագահ