ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին։ 168.am-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կասի վերջին օրերին ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ-ի և անձամբ իր իսկ հասցեին Անդրանիկ Քոչարյանի կողմից հնչող մեղադրանքներին։
Նշենք, որ Քոչարյանը տարբեր հայտարարություններ է արել` ասելով, թե պաշտպանության նախարարն իր տեղում չէ, իսկ բանակը պատրաստ չէր պատերազմին։ Արտակ Դավթյանի մասին էլ ասել էր, որ նա շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ Ապրիլյան պատերազմում։
«Ցավալի է, որ պաշտոնատար անձը, որը պետք է որ ի պաշտոնե էլ աջակցեր ԶՈւ-ին, հանդես է գալիս նման հայտարարություններով։ Աջակցում եմ ՊՆ-ի՝ արդեն հնչած մեկնաբանություններին այս առնչությամբ։ Պարոն Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք․ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»,–ասել է Դավթյանը։
Նրա խոսքով` ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը, Անդրանիկ Քոչարյանն իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։
Դավթյանը նշել է` փառք Աստծո, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ում ավելի բարձր պաշտոն չունեցավ։
ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետին հետաքրքրում է հարցը, թե որտե՞ղ էր Քոչարյանը պատերազմական այս օրերին, և եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում։
«Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար»,–ասել է Դավթյանը։
Իմ տղայի հրանոթը մինչև վերջին պահը կրակել է. Անդրանիկ Քոչարյանը` Շուշին հանձնելու մասին
Նա խորհուրդ է տալիս, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։
Դավթյանն առաջարկել է, որ հրապարակվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իր պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի), ինչպես նաև այս տարվա սկզբին իր հանդիպումը ԱԺ-ում՝ կապված ԶՈւ-ում զոհերի, ինքնասպանությունների հարցերի հետ։ Այդ երկու հանդիպումներին, ասում է, ներկայացրել է մի շարք խնդիրներ՝ կապված նաև օրենսդրական խնդիրների հետ, սակայն մինչ օրս հետևություններ արված չեն, խնդիրների լուծման նախադրյալներ չկան։
Դավթյանն ասում է` թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի։ Եվ ընդհանրապես, Դավթյանն առաջարկում է` ԶՈւ-ից խոսեն միայն այն մարդիկ, որոնք հասկանում են պահը, ստեղծված իրավիճակն ու տիրապետում են իրավիճակին։
Քոչարյանը պետք է ներողություն խնդրի զինվորականներից. ՊՆ
«Քոչարյանը պատերազմական դրության պայմաններում միայն վատաբանելով ՊՆ-ի և ԳՇ պետի գործունեությունը, ԶՈւ-ն համեմատելով ջոկատների և զինված մարդկանց հետ, անպատասխանատվության վերին աստիճան է դրսևորում։ ԶՈւ-ն այս բարդ, ծանր իրավիճակում էլ կատարում է իր խնդիրները՝ նոր շփման գծի ձևավորում, ադրբեջանաթուրքական հնարավոր հետագա գործողություններին դիմակայելուն ուղղված գործողություններ, որից մեր երկիրը երաշխավորված չէ»,–ասել է Դավթյանը։
Նա հավելել է, որ հիմա պետք է ամեն ինչով աջակցել ԶՈւ-ին, ոչ թե պախարակել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ասում էր, թե պատերազմից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և Զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին։
Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը, ըստ Քոչարյանի, խոսում է այն մասին, որ նրանք բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել և ուր է տանելու մեզ այս ձախողումը։
Փաշինյանը պաշտոնից ազատել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին