ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
«Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լիտվայի արտգործնախարարն իր հերթին շնորհավորել է իր պաշտոնակցին։ Երկուստեք համոզմունք են հայտնել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 18-ին` Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո։