ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երեխաների համաշխարհային օրվա առիթով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր», որտեղ այս պահին գտնվում են նաև Ստեփանակերտի, Քաշաթաղի, Բերձորի հաստատություններից տեղափոխված երեխաները։ Տեղեկատվությունը Facebook-ի պաշտոնական էջում հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։
Տեղում պաշտպանը ծանոթացել է երեխաների խնամքի կազմակերպմանը. այն հիմնված է երեխաների կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքներին աջակցություն ցույց տալու վրա։
Բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի, նաև Արցախի երեխաների հաստատության տնօրենների ուղեկցությամբ պաշտպանը շրջել է կացարաններով, ծանոթացել երեխաների հետ։
Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
Երեխաները պաշտպանի հետ զրույցում պատմել են, որ հաճախում են համայնքի դպրոց։ Նախադպրոցական կրթությունը տեղում է կազմակերպվում։
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է բարեգործական հիմնադրամի աշխատանքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի երեխաներին աջակցություն տրամադրելու գործում՝ շեշտելով, որ երեխաներին առնչվող հարցերում պետք է մշտապես հաշվի առնել նրանց լավագույն շահը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը ևս մեկ անգամ անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի օրերին մենք ականատես եղանք երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ և ոչ համաչափ արձագանքի։
«Վերացական և հռչակագրային բնույթ ունեցող կոչերից առավել կարևոր է երեխաների իրավունքների ակնհայտ խախտումների վերացումը և դրանց բացառման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումն ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային հանրության, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից»,- շեշտել է Հայաստանի ՄԻՊ-ը։
Գրասենյակից տեղեկացնում են, որ պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
Հավելենք, որ պատերազմի պատճառով մոտ 100 հազար մարդ լքել է իր մշտական բնակության վայրն Արցախում։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Հայաստան։