Ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի դեմ: Վրդովմունք է առաջացրել է 24-րդ հոդվածը, որը օրինագծի տեքստում մտցվել է ոստիկանական արհմիությունների ճնշմամբ։
Այն տուգանքներ է նախատեսում ոստիկանների լուսանկարահանման և տեսանկարահանման համար, եթե այդ կադրերի տարածումը «սպառնում է առանձին պաշտոնյաների ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»:
Կտրուկ քննադատության է արժանացել օրինագծի ևս մեկ դրույթ, ըստ որի լրագրողները պետք է նախապես գրանցվեն` ցույցերը լուսաբանելու համար: Եվրահանձնաժողովն արդեն իր կարծիքն է հայտնել նոր դրույթի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ ԶԼՄ-ները այսուհետ էլ պետք է ազատ կատարեն իրենց աշխատանքը: Ընդդիմությունը պահանջում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը հետ կանչի փաստաթուղթը, որը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։











