ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը կարծում է, որ անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այվազյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել` անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները»,–ասել է Այվազյանը։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: ԱԳ նախարարը վստահեցնում է` աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո, և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները:
Խոսելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցի մասին, Այվազյանը նշել է, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները։
Այվազյանը նշել է նաև, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից:
«Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ»,–ասել է ԱԳ նախարարը։
Հուսով եմ` շուտով չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը. Պուտին
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։