ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Բենզինն ու հեղուկացված գազը Հայաստանում թանկացել են։ Լցակայաններում բենզինի գինը մի քանի տոկոսով աճել է։ Հիմա «ռեգուլյար» բենզինը լցակայաններում մեկ լիտրի համար 360-370 դրամ արժե։ Թանկացել է նաև հեղուկացված գազը, որի գինը կապում են բենզինի հետ (սովորաբար մեկ լիտրի համար մոտավորապես կրկնակի պակաս գին են հաստատում)։
Որոշ տաքսիստներ արդեն հասցրել են օգտվել առիթից և կրկնակի բարձր գին պահանջել։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, այժմ իրականացվում է բենզինի միջազգային գների մոնիթորինգ: Համաշխարհային գների, ինչպես նաև երկրի ներսում բենզալցակայանների գների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովը հանդես կգա հաղորդագրությամբ, թեև հնարավոր է` արդեն Ամանորից հետո:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այսպես թե այնպես, պետք է ուշադրություն դարձնել, որ երկու տարի առաջ բենզինը զգալիորեն թանկ արժեր։
Դոլարի թանկացումից ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել. ԿԲ նախագահ
«Երկու տարի առաջ բենզինը մեկ լիտրի համար արժեր 470-480 դրամ, 2018-ի գարնանը էժանացել է մինչև 300 դրամ: Պարզապես, երբ ապրանքը էժանանում է, դրան ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան այն ժամանակ, երբ թանկանում է։ Ինչ վերաբերում է տաքսու վարորդներին, ապա հնարավոր է, որ եղել են խարդախության դեպքեր, բայց եթե նրանք զանգվածային լինեին, մենք կիմանայինք այդ մասին»,-ավելացրեց Չիլինգարյանը։
Նշենք, որ 2020 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նավթն էժանացել էր մինչև մեկ բարելի դիմաց 10-15 դոլար, սակայն հունիսի սկզբին կրկին թանկացավ մինչև 40 դոլար, իսկ վերջին ամսվա ընթացքում դրա գինն աճել է՝ հասնելով 50 դոլարի: Բացի այդ, մի քանի տոկոսով աճել է դոլարի փոխարժեքը՝ նոյեմբերին արժույթի աժիոտաժային պահանջարկի պատճառով։ Արդյունքում աճել են բոլոր ներկրվող ապրանքների գները (ներառյալ ալյուրը, շաքարը և կարագը)։ Ավելի վաղ գնային ճնշումների մասին հայտարարել էին ալյուրի ներկրողներն ու ալրաղացի ձեռնարկությունները։
Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը